Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդ,— Պետրովսկիյ Ակադեմիայից է... միշտ լռում է, խոսելու հետ բան չունի, իսկական «գործիչներից» է։

— Այն ռուսը, որ նստած է ծխող օրիորդի մոտ, Պտաշկինն է, նոր է եկել, ծանոթանում է մեր «շրջանների» հետ։ Ծխող օրիորդն այստեղացի է, օրիորդ Ղորղանյան, «շրջանը» նրան նշանակել է կանայք գրավելու համար։ Այն գեղեցկադեմ, կարմրերես օրիորդը գիմնազիոնի աշակերտուհի է. անցյալ օրը քսանուհինգ մանեթ փող բերավ «շրջանի» գործերի համար․ օրիորդ Սարդարյանն է, հայրը բուրժուա է, մոր արկղից էր վերցրել։ Սիրում եմ այսպիսի բաներ, մի հիվանդ (այս բառն էլ ընկերս շեշտեց) կար, պիտի ուղարկվեր արտասահման բժշկվելու, ուղարկեցինք։ Իսկ այն սև երեսով, նեղ ճակատով օրիորդը Մելքոնյանն է. նրա մոտ նստածները «երկրորդականներից» են, է՛հ, սեմինարիստներ են։ Նա՛, այդ կողքիդ նստածը, գիտե՞ս ով է, Հախվերդյանը շատ աներկյուղ է, ծայրահեղ, բայց խելոք է և շատ զգույշ։ Նրա մոտ նստած օրիորդը վարժուհի Մարգարյանն է, կարծեմ Հախվերդյանի հետ սիրահ... բայց քույր և եղբոր պես... Այստեղ մենք ամեններս քույր և եղբոր պես ենք... ազատություն է։ Տե՛ս, գրանիտի պես պիտի ամուր լինիս հաա՜, հասկանու՞մ ես, սպասիր, սու՛ս, Հախվերդյանն է խոսում, պետք է վիճաբանել։

Մոռացա ասել, որ կանթեղի մոտ նստած երիտասարդը, այսինքն՝ Մեհրաբյանը, կարդում էր Ջոն Սայուարտ Միլլի հեղինակությունը «կնոջ ազատության մասին»։ Նա արդեն դադարել էր կարդալուց և գիրքը մի կողմ դրած վիճաբանում էր Հախվերդյանի հետ։ Պարոններ, ես երբեք չեմ մոռանա այդ վիճաբանությունը, չեմ մոռանալ մանավանդ այն գեղեցիկ, ազատամիտ, բարձր և ոգևորիչ միտքը, որ արտահայտեց այն երեկո Հախվերդյանը կանանց ազատության մասին։ Կնոջ դրությունը նա համարում էր մարդկային պատմության ամենավատ արատը։ Կինը հարստահարության, բռնակալության և վայրենության զոհ է։ Եվ Հախվերդյանը ոչ միայն պաշտպանում էր այդ զոհի անպայման անկախությունը, այլև պահանջում էր, որ այնուհետև կինը լինի հասարակական կյանքի ղեկավարը։ Բավական է, որքան տղամարդը բռնակալեց բնությանն... այժմ իրավունքը կնոջն է պատկանում։