Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թորոս։ Այս պատճառով ես խիստ ուրախացա, երբ հայրս ինձ դիմեց․

— Խա՛չի, վաղը ես քեզ կտանեմ վաճառական աղա Գուլամյանցների մագազինը։ Այնտեղ դու գործակատար պիտի լինես։ Արի՛, Թորոս աղայի և մյուսների ձեռը համբուրիր, նրանց բարի և անկեղծ խորհրդի փոխարեն։

Ես խոնարհությամբ կատարեցի հորս կամքը, բոլորի ձեռքը մի առ մի հերթով համբուրելով։ Խոստովանում եմ, երբ հերթը հասավ դարբին Մարութին, հազիվհազ կարողացա զսպել զզվանքս, տեսնելով նրա կեղտի ծալքերով ծածկված ձեռքը։ Ես դժվարությամբ իմ շրթունքների ծայրերը հասցրի նրա կոպիտ մատներին։ Մանրավաճառ Թորոսը ճակատս համբուրելով և օրհնելով, մի անգամ ևս կրկնեց յուր խրատը։

— Խոնարհ և հլու հպատակ կլինիս աղա Գուլամյանցներին, կկատարես բոլորը, ինչ որ կհրամայեն։ Թեքվիր և ծռվիր ինչպես օձ, բայց պահիր քեզ խեղճ ինչպես մի ոչխար և դու շուտով կմտնես աղա Գուլամյանցների գրպանը։ Ապրե՛ս, որդիս, ու զորանաս։

II

Ուրախութենից գրեթե ամբողջ գիշեր շարունակ անկողնիս մեջ տրորվում էի այս ու այն կողմ, ստեղծելով երևակայությանս մեջ հազար տեսակ պատկերներ իմ ապագա կյանքից և հորինելով զանազան տեսակ ծրագիրներ... Լուսադեմին քունը հաղթեց ինձ, և ես մի երկու Ժամ քնեցի։

Արեգակը բավական բարձրացել էր, երբ զարթնեցի։ Շտապով վեր թռա անկողնից, երեսս լվացի և սկսեցի շորերս հագնել, որպեսզի պատրաստ լինեմ հորս առաջին հրավերին, որի հետ ես այն օրը պիտի գնայի աղա Գուլամյանցնեթի մագազինը։ Հայրս հենց առաջին երեկո, մեր հյուրերի ցրվելուց հետո, արդեն գնացել էր մագազին և այնտեղ իմ մասին խոսել։

Թե ինչ պայմաններով ես պիտի ծառայեի աղա Գուլամյանցների մոտ, որքան ռոճիկ պիտի ստանայի — այս ինձ