Պետք է ասել, որ Հախվերդյանը դեպի ինձ վերաբերվում էր ոչ այնպես, ինչպես իրավունք ուներ, այսինքն՝ ինչպես մի հսկա դեպի մի թզուկ։ Ո՛չ, այլ ինչպես դեպի յուր հավասարին, դեպի յուր նման մի մարդու։ Եվ այդ վարմունքը ավելի ստրկացնում էր ինձ նրա առջև, այդ ընկերական հարաբերության մեջ ավելի զգալի էր ինձ համար նրա զորությունը։ Բայց թողնենք այս։
⁂
Այստեղ Բարսամյանը մի քանի րոպե լռեց, բազկաթոռը մոտեցրեց մեջտեղ դրած կլոր սեղանին, որի շուրջը նստած էին իրավաբանը և ուսուցիչը և աչքերը աջ ձեռով հովանավորելով կանթեղի լույսից, նայեց դեպի սենյակի անկյունը։ Բժշկապետ Մարությանցը այստեղ, կիսախավարի մեջ, ձեռները խաչաձև կրծքին դարսած, մեջքը պատին տված, անշարժ նայում էր յուր կոշիկների ծայրին։
— Ինչո՞ւ ես հեռու կանգնել բժիշկ, գուցե իմ պատմումթյունը ձանձրացնում է քեզ, ասաց Բարսամյանը։
— Ոչ, ոչ, շարունակիր, խնդրեմ, պատասխանեց Մարությանցը, աշխատելով յուր շփոթմունքը թաքցնել։ Բայց մի բան էի ուզում հարցնել։
— Հարցրու։
— Այդ Հախվերդյանը, քո իդեալը, ո՞րտեղ էր ուսանում։
— Համալսարանում։
— Ո՞ր քաղաքում։
— Չեմ կարող ասել։
— Ո՞ր ֆակուլտետում։
— Չեմ կարող ասել։
— Շարունակի՛ր, ասաց բժշկապետը և դարձյալ յուր հայացքը դարձրեց կոշիկների վրա։
«Մի երեկո, շարունակեց Բարսամյանը, ես միայնակ գնացի Բաբախանյանի մոտ։ Ժողով չկար, հենց այնպես գնացել էի, որ մի փոքր ժամանակ անցկացնենք։ Երբ ներս մտավ Բաբախանյանը հանկարծակի քնից սթափվածի նման, գլուխը