Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դողացին, և նա սկսեց ցնցողաբար դողացնել ձեռով շփել յուր նորաբույս սև միրուքը և բարակ ընչացքն։

Իմ հետաքրքրությունս սաստիկ գրգռվեց, պարզ էր, որ այդ մարդը տանջվում էր հոգեպես։ Մենք արդեն ընկերներ էինք, մեր մեջ գաղտնիք չպիտի լիներ։ Ես համարձակ խնդրեցի նրան, որ բացատրի յուր ցավը։

— Բացատրե՞մ,— գոչեց նա հուզված ձայնով,— ի՞նչ բացատրեմ, միթե քեզ համար պարզ չի՞ ամեն ինչ։ Խոմ ամենքին հայտնի է, ես չեմ էլ թաքցնում, և ի՞նչ թաքցնելու բան կա, միայն դու ես, որ միամիտ և անգետ ես ձևացնում քեզ։

Ես հավատացրի, թե ոչինչ ինձ հայտնի չէ։

— Ուրեմն, իմացիր,— պատասխանեց նա, շարունակ անցուդարձ անելով հուզված,— դու հարցնում ես, թե չեմ հավատում ժողովների հետևանքին, ինչո՛ւ եմ սենյակս տալիս։ Լսի՛ր, ես ստիպված եմ։ Այս ես ոչ ոքին չեմ ասել, բայց գիտեմ, որ ամենքր զգում են։

— Ստիպվա՞ծ ես, ո՞վ է ստիպում,— հարցրի ես։

— Համբերի՛ր։ Ամենից հետաքրքրականն է այդ Պտաշկինը, հարցնող լինի, ինչո՞ւ է եկել, ինչո՞ւ է բերել այն թղթի կտորները։ Չեմ ուզում ասել, բայց շատ թանկ է նստում ինձ այս խաղը։ Մյուս սենյակում մայրս հիվանդ պառկած անեծք է կարդում գլխիս, ամեն անգամ, երբ այստեղ աղմուկը սկսվում է, սպառնում է մինչև անգամ գանգատվել։ Բայց ես թաքցնում եմ ձեզանից իմ ցավը։ Ա՛խ եթե նա չլիներ։

— Ո՞վ,— հարցրի ես։

— Օրիորդ Մարգարյանը, հասկացա՞ր հիմա,— պատասխանեց Բարախանյանը, կանգնելով իմ դեմ։— Երկու տարի է տանջվում եմ, տանջում եմ և մորս, միմիայն նրա պատճառով, որ գոնե շաբաթը մի անգամ նրա երեսը տեսնեմ։ Իսկ նա, հը՛մ, նա այնքան է հասկանում իմ զգացածը, որքան այս անշունչ սեղանը, քարասի՜րտ։

Հետո Բաբախյանը սկսեց կողմնակի կերպով պախարակել Հախվերդյանին, որին յուր որին յուր սիրտը նվիրել է օրիորդը։ Սակայն նա չէր հավատում, թե օրիորդը կարող է սիրել այդ ուսանողին, և աշխատում էր ինձ համոզել, որ սիրելու ոչինչ