զգացումներ, և ես սկսեցի հոգով նախանձել աղա Գուլամյանցներին, որոնց բախտը պարգևել էր այդչափ հարստություն։ «Ախ եթե իմը լիներ այդ հարստությունը,— սկսեցի մտածել ինքս ինձ, նայելով ագահ աչքերով թանկագին իրեղեններով լի պահարանների վրա,— որքա՞ն բախտավոր կարող էի լինել ես: Գոնե միայն այսքան ոսկեղեններերի կեսն ունենայի, ինչեր չէի կարող անել նրանցով: Ամենից առաջ ձեռք կբերեի մի քանի ձեռք լավ հագուստներ թե՛ ինձ համար և թե՛ մեր տնեցիների համար։ Կարող էի մինչև անգամ խանութ բաց անել և ինքս էլ վաճառական դառնալ, տարեկան մի անգամ ուրիշների պես Ռուսաստան գնալ, լավ-լավ քաղաքներ տեսնել:
Մինչդեռ այս մտածմունքների մեջ իմ պատանեկական երևակայության մեջ կառուցանում էի շքեղ օդային ամրոցներ, հանկարծ մեկը շլնքիս ապտակ տվեց։ Հետ նայեցի, տեսնեմ Մակար աղան է:
— Ի՞նչ ես հայվանի պես ռեխդ ծռել ու նայում, արի այստեղ։
Այս ասելով, նա կոպտությամբ բռնեց թևիցս և քաշեց զաստոյկի ներսի կողմը, ուր շարված էին մի քանի գործակատարներ մաքուր հագնված։
— Գրիգոր, այս տղան այսօրվանից մտել է ինձ մոտ ծառայելու։ Լավ մտիկ արա սրան, տե՛ս, մագազինում ինչ նրա անելու գործ կա, հանձնիր, որ կատարի։ Կարդալ-գրել գիտե, կարող է հաշիվներ արտագրել, բայց առայժմ հարկավոր չէ նրան այսպիսի գործեր հանձնել, թող մի քանի ժամանակ ուրիշ բաներով պարապի, մինչև որ տեսնենք ինչ պտուղ է։
Աղա Գուլամյանցն այս ասում էր գործակատարներից մեկին, մի կարճահասակ, 22-24 տարեկան երիտասարդի։
Մագազինի առջև, մայթի վրա գործակատարներից մի քանիսը զբաղված էին Ռուսաստանից նոր ստացված ապրանքների հակերը բանալով։ Գրիգորն ինձ պատվիրեց մի ուրիշ փոքրիկ տղայի հետ — որը ինչպես երևում էր, մագազինում մանր գործեր էր կատարում — բացված կտորները ներս բերել և հավաքել մագազինի մի անկյունում։ Ես մի կողմ ձգեցի գդակս և սկսեցի կատարել այս առաջին պատվերը։