խեղվում եմ,— գոչեցի ես, բոլորովին մոռանալով ամենայն համեստություն։
Նա սկսեց պատմել։ Այն օրը երբ Մարթային հայտնում են, թե գնում են սուրբ Գևորգ, նա սաստիկ ուրախանում է։ «Գնանք, շուտով գնանք», ասում է նա անդադար։ Մայրն ասում է, թե եթե խելոք կկենա, կտանի, իսկ եթե ոչ, այն ժամանակ նրան կկողպեն սենյակում, իսկ իրանք կգնան առանց նրան։ Նա լսում է մոր խոսքը։ Մինչև այդ ժամանակ երկու-երեք ամիսը մեկ անգամ հազիվ կարողանում էին նրան ստիպել երեսը լվանալ, իսկ դուրս գալու օրը նա ինքը լվացվում է և հագնում սնդուկում պահած հագուստը։
— Մենք վախենում էինք,— շարունակեց Սերգոն նախագավթի անկյունում, ուր մեզ լսող մարդ չկար,— որ նրա կատաղությունը ճանապարհին կբռնի. հայրս մեզ հետ չէր, ես էի և մայրս։ Ի՞նչ պետք է անեի, հետս մի պարան էի վերցրել, հենց որ սկսեր, պիտի վերցնեի և կապեի նրա ոտք ու ձեռքը։ Բայց մենք երկու օր ճանապարհ գնացինք, և այդ ժամանակ Մարթան ոչ մի ավելորդ շարժում չգործեց, ոչ մի խոսք չասաց։ Համեստ երեխայի պես նա լսում և կատարում էր մեր ասածը․․․ վերջապես, եկանք սրբատեղը։ Մարթան սկսեց գանգատվել, թե գլուխը սաստիկ ցավում է և թե ուզում է ման գալ։ Գարնան ամենալավ ժամանակն էր, սրբատեղը շատ գեղեցիկ զբոսավայր ունի։ Սկզբում մենք վախեցանք, բայց հետո ես սիրտ առա։ Գալֆայանը — դուք նրան հիշո՞ւմ եք — գնալուց առաջ ինձ ընկերաբար խորհուրդ տվեց, որ սրբատեղում մենք Մարթային կատարյալ ազատություն տանք և երբեք չհանդիմանենք կամ մի բանով չսպառնանք նրան։ Ես հետևեցի նրա խորհրդին, վերջապես, ձանձրացել էի գիշեր-ցերեկ խելագարի հետևից ման գալուց։ Օրը մինչև երեկո Մարթան մենակ զբոսնում էր հով տեղերում, արեգակի տակ, սարերի և ձորերի մեջ և հետ էր գալիս այն ժամանակ, երբ հոգնում էր։ Մայրս ամեն առավոտ ստիպում էր նրան գնալ որբի շիրիմին երկրպագություն տալ, մոմ վառել, մինչև անգամ աղոթել։ Այս բոլորը նա կատարում էր հլու, հնազանդ, կարծես թե ութսուն տարեկան սնահավատ պառավ լիներ։ Երբ վերջացնում էր ուխտը, դարձյալ բաց էր ընկնում և թափառում էր ուր ուզում