Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող են վտանգվել։ Ես մտքումս մեղադրեցի Մարթայի ամուսնուն, բայց հետո իմացա, որ նա ոչինչ չգիտեր յուր կնոջ տխուր անցյալի մասին։

Նոր տարիի օրը Սերգոյի հետ Մարթային այցելություն արի։ Նրա բնակարանը բավական ընդարձակ էր, տան կահ-կարասիքը նոր, մաքուր, երևում էր, որ նրա ամուսինն ունևոր մարդ էր։ Ամեն տեղ նկատելի էր կարգ ու կանոն, տանտիկնոջ օրինակելի տնտեսության կնիքը։ Մարթայի ամուսինը, Պետրոս Գասպարյանը լեռնական գյուղացու որդի էր։ Մանկությունից ապրելով քաղաքում և առևտրական գործերով պատելով Ռուսաստանում, նա յուրացրել էր քաղաքակրթական մի քանի արտաքին ձևեր։ Ժամանակակից քաղաքացի երևալու համար նա կնոջը մի քիչ ազատություն էր տալիս, ծովափում նրա հետ թևանցուկ զբոսնում էր, տանում էր թատրոն, ցիրկ և այլն։ Նկատվում էր, որ նա ներքուստ պարծենում էր Մարթայի գեղեցկությունով, եվրոպական ձևերով և անպայման հավատում նրա ճաշակին։ Բայց, չնայելով այս բոլորին, նա բնավորությամբ մնացել էր տակավին կոշտ, իսկ սրտով պարզ։ Մարթայի սկեսուրը մի նահապետական խստաբարո կին էր և յուր հարսին սիրում էր այն չափով, որ չափով հարսը կարող էր բախտավորեցնել նրա որդուն։ Նույն աչքով էր նայում նրա վրա և Պետրոսի այրի քույրը, որ ապրում էր եղբոր տանը։

Ես Մարթայի հետ վարվում էի ինչպես հեռու և միանգամայն նոր ծանոթ և ոչ մի բանով առիթ չէի տալիս անցյալը հիշելու։ Պետրոսը սիրում էր նրան և շատ խանդոտ էր երևում։ Գիտեի, որ մի ամենաչնչին բանն անգամ կարող էր նրա մեջ կասկած հղացնել։ Յոթն ամիս ես շաբաթը մեկ կամ երկու անգամ այցելեցի Մարթային և միշտ նրա եղբոր հետ։

Մի անգամ, պարոններ, նկատեցի, որ Մարթայի ամուսինն անսովոր տրամադրության մեջ է։ Կարծեցի, որ շուտով կանցնի, բայց ո՛չ, տրամադրությունը շարունակվում էր։ Ես իմացա, որ պատճառը գործերը չեն. բախտն այդ կողմից նրան հաջողում էր, և նա օր-օրի վրա հարստանում էր։ Միևնույն ժամանակ, տեսնում էի, որ այդ փոփոխությունը նրա մեջ զգում են և՛ Սերգոն ու նրա մայրը, ուստի և շատ զգույշ