Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերական շրջանն երբեք չի գրավել նրան, քանի որ ամեն մի երկրորդ ես ծանր բեռն է թվացել նրանք և նա միշտ ձգտել է յուր եսի հետ միայնակ մնալ։ Գուցե մեղավոր է նրա ընտանեկան կրթությունը։ Այստեղ է, այո՛, դրվել նրա առանձնասիրության հիմքը։ Նա ծնվել է գավառից գաղթած մի փորիկ ընտանիքում, որ ոչ մի ազգակից, ոչ մի ծանոթ շրջան չի ունեցել Թիֆլիսում։ Հայրը ժամանակ չի ունեցել զբաղվել յուր որդու կրթությամբ։ Մայրը նույնպես առանձնասեր բնավորություն ունենալով, սնել ու մեծացրել է նրան յուր անմիջական հսկողության ներքո։ Չի թողել, որ նա խաղա հարևանների երեխաների հետ, միշտ ստիպել է նրան փակված մնալ տանը։ Այդպիսով նա կամեցել է յուր որդուն ազատ պահել վատ ազդեցությունից, բայց հղացրել և զարգացրել է նրա մեջ եսասիրություն։ Ընտանիքից ընկնելով ուսումնարան, նա չի ազատվել այդ եսասիրությունից։ Աշակերտների շրջանը նրան սկզբից վախեցրել է։ Մի գաղտնի երկյուղ ստիպել է նրան միշտ հեռու փախչել այդ շրջանից և ամփոփված մնալ յուր եսի մեջ։

Իսկ այժմ նա արդեն չափահաս տղամարդ է։ Անկարելի է այդպես առանձնացած մնալ։ Այսօր թե վաղը նա կյանքի մեջ է մտնելու, չէ՞ որ պետք է ընտելանա փոքր-ինչ հասարակական կենցաղավարությանը։ Այդ նրա համար անհրաժեշտ է։ Նա նպատակ ունի և այդ նպատակը յուր եսին չի վերաբերվում։ Ոչ, գուցե այդ եսը բնավ կարոտություն չզգար ուրիշների ընկերությանը։

— Բայց ինչ անեմ, ես չեմ կարող իմ միտքը նրանց հայտնել։ Նրանք չեն հավատալ, կծաղրեն։ Նրանք ինձ անընդունակ են համարում մի ուրիշ բանի մասին, բացի ինձանից, մտածելու, մի որևէ մտքով ոգևորվելու։

Հասավ ուսանողական կյանքին հրաժեշտ տալու օրը, նրա հետ ուսումն ավարտող հայրենակիցները խնջույք սարքեցին, բայց նրան չհրավիրեցին։ Նա չվիրավորվեց։ Նա գիտեր արդեն, որ այդպես էլ պետք է լինի. ոչ ոք նրան չմաղթեց կյանքի մեջ հաջողություն, բացի օտարազգիներից։ Միայն մի քանի հայեր վերջին անգամ սառն կերպով սեղմեցին նրա աջն և ուրիշ ոչինչ։