Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա նայվածքը խելացի էր և թախծալի։ Կար մի ինչ-որ հեգնություն այդ նայվածքի մեջ, մի ներքին ծիծաղ, բայց բարի և ցավակցական ծիծաղ այն բոլորի վրա, ինչ որ տեսնում էր գոնե, այսպես թվաց ինձ հենց առաջին անգամից։

Ճաշի միջոցին, ինչպես և հետո, նա մի վայրկյան հանգիստ չէր մնում։ Մասնակցելով մեր խոսակցությանը, նա մերթ սեղմում էր շրթունքները, դառն ժպտում և ճակատը տրորում, որպես թե գլուխը ցավելիս լիներ, մերթ անսպասելի ցնցումներ էր գործում, որպես թե մի անախորժ բան էր լսում։ Եվ միշտ նրա կրակոտ աչքերը կայծեր էին ցայտեցնում։ Նրա նիհար ձեռները մի քիչ դողում էին, ձայնը երերվում էր խոսակցության ժամանակ և երբեմն խեղդվում կոկորդում։

Հետևյալ օրը ես ճաշի ժամանակ դարձյալ նստեցի նրա դեմուդեմ։ Նույնն արի և երրորդ, չորրորդ օրերը։ Կարծես, նրա դեմքի, մանավանդ աչքերի մեջ կար մագնիսական զորություն, որ չէր թողնում իմ հայացքը հեռացնել իրանից։ Մի բան ասելիս, նախ և առաջ նրան էի նայում։ Ինձ հաճելի էր նրան նայել։ Իսկ նա նայում էր ամենին և ոչ ոքի։ Թվում էր, որ նրա միտքը երբեք չի կենտրոնանում սեղանակիցների վրա, որ խոսելով մեզ հետ, մտածում է ուրիշ բաների մասին։

Հինգ դրկիցներից մեկը լեհացի էր, ծառայում էր մի ինչ–որ բանկում, մյուսը՝ ռուս ուսանող, մենք՝ հայեր, տանտիրուհիները՝ գերմանացիներ, ամենքս էլ խոսում էինք, իհարկե, ռուսերեն։ Այսպիսով մեր խումբը ներկայացնում էր մի միջազգային խառնուրդ, Զարիֆյանը սովորաբար նստում էր օրիորդների միջև։ Աջ ու ձախ ծառայելով մեկին ու մյուսին, նա երկուսին էլ հաճոյախոսություններ էր անում։ Մեծ քույրը — Մելիտան նշանված էր մի գերմանացի երաժշտի վրա, շուտով պիտի ամուսնանար և այդ միջոցին զբաղված էր յուր հարսանիքի հագուստներով։ Նա գեղեցիկ չէր, բայց խելոք էր և բարի։ Իավական սիրուն էր փոքր քույրը՝ Ադելաիդան։ Նրա մազերը ոսկեգույն էին, դեմքը առողջ, աչքերը խոշոր և լի կենսուրախության հրով, վառվռուն, կազմվածքը կանոնավոր, միջահասակ։ Մի ուրախ ու զվարթ աղջիկ էր, միշտ երգում էր, միշտ թռչկոտում, միշտ ծիծաղում։ Եվ դա այնքան