Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխը շարժեց և ինչ-որ խոսք ասաց Ադելաիդային։ Իսկ ես չկարողացա զսպել իմ հետաքրքրությունը, թողի սեղանը և գնացի Սանթուրյանի հետևից։ Մոտենալով նրա դռներին, մի քանի վայրկյան տատանվեցի — մտնե՞լ, թե ոչ։ Մինչև այդ օրը նրա սենյակում չէի եղել և ոչ էլ նա էր ինձ այցելել։ Բայց իմ ձեռը, գրեթե, ակամա երկու անգամ զարկվեց դռներին, և ներսից լսվեց նրա հուզված ձայնը — «մտե՛ք»։ Երբ ներս գնացի, նա անկողնակալի վրա թերթերի մեջ շտապով փաթաթում էր ամառային վերարկուն։

— Ներեցե՛ք ես անքաղաքավարի վարվեցի․ ա՜խ, ներեցեք,— կրկնեց նա, յուր այլայլված դեմքը դարձնելով ինձ։— Դուք, երևի ինձ խելագար եք համարում։ Գուցե իրավունք ունիք։ Բայց ես շատ ուրախ եմ ձեր այցելությանը․ ցավում եմ միայն, որ պետք է գնամ․․․ Գիտե՛ք, գործը անհետաձգելի է, իսկ ես անսիրտ, դեռ ուզում էի ճաշել․․․

Նա գործը վերջացրեց, հագավ ձմեռային վերարկուն՝ և դուրս գնաց, հետը տանելով կապոցը։

Ես հիմարի պես ապշած, նայում էի նրա հետևից։

Մի ժամ անցած, երբ հագուստով պառկած անկողնակալիս վրա, մտածում էի դեռ այդ մարդու տարօրինակ վարմունքի մասին, լսեցի իմ դռների ձայնը։ Ներս մտավ Սանթուրյանը, և ես լամպի լուսով նշմարեցի, որ այժմ նրա դեմքը հանգիստ է։

— Կրկին անգամ ներողություն. գնանք իմ սենյակը՝ միասին թեյ խմելու։

Նա բարեկամաբար բռնեց իմ թևից և տարավ ինձ յուր սենյակը։

— Ես չափից դուրս վրդովված էի,— ասաց նա, թեյ պատրաստելով,— այժմ ոչինչ, անցավ․․․

— Բայց ի՞նչ է պատահել։

— Դժբախտություն. ո՛չ, տմարդություն։ Մի շատ սովորական, բայց սոսկալի տմարդություն. ընկերի տմարդություն՝ ընկերի վերաբերմամբ։ Լսեցե՛ք, եթե կամենում եք։

Նրա պատմածից երևաց, որ յուր ծանոթ ուսանողներից մեկը հիվանդ է։ Նա համալսարանում լսում է այդ մասին, գնում է հիվանդին այցելելու։ Տեսնում է, որ մարդը մենակ,