Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունիմ, նրա մասին խոսենք,— դարձավ հանկարծ աղան տեր-Վահակին ու, թևից բռնելով, տարեց նրան մի կողմ։

Ես քաշվեցի մի կողմ. նրանք սկսեցին խոսել։

Երբեմն նրանց խոսակցութենից իմ ականջին հասնում էին հատուկտուր դարձվածներ կամ ընդմիջյալ խոսքեր, օրինակ, «աղջիկը չի ուզում, թարսվել է» կամ «քսան հատ կանաչ կարմիրանոց» և այլն։

Վերջապես, նրանք ավարտեցին խոսակցությունը, և մի քանի րոպեից հետո ժամասացությունն արդեն սկսված էր: Աղա Գուլամյանցն ամենից առաջ սեղանի հանդեպ կանգնած ջերմեռանդությամբ ծունր էր դնում ու աղոթում։ Ես ևս սկսեցի աղոթել, նախ և առաջ կրկնելով մի անգամ տերունական աղոթքը, «Հայր մերը», նույն եղանակով, ինչպես ուսումնարանում սովորեցրել էր ինձ տեր-Վահակը։

Ճշմարիտն ասած, ես չբավականացա միայն այդ պաշտոնական «Հայր մերով». ինձ թվում էր, որ նրանով աստծուց շատ քիչ բան է խնդրվում առհասարակ։ Ես կարծում էի, եթե բոլորն ինչ որ ասված է այս աղոթքի մեջ, աստված կատարի — ես մի շատ էլ մեծ մարդ չեմ դառնալ, իսկ ես ուզում էի, ինչպես և այժմ էլ ուզում եմ, մեծ մարդ դառնալ։ Օրինակ, նրա մեջ ասված է․ «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր»։ Մի՞թե այս մի մեծ բան է, մտածում էի ես, եթե աստված ամեն օր կերակրե ինձ այնպես, ինչպես մինչև այսօր է կերակրել։ Չէ, հարկավոր է ուրիշ բաներ էլ խնդրել աստծուց, միևնույնն է խնդրում Եմ, ավելի լավ է շատ բաներ կխրնդրեմ, կկատարվի խնդիրս — լավ, չի կատարվի — խոմ ինձանից մի բան չի պակսիլ»։ Եվ ես սկսեցի հազար տեսակ բաներ մուրալ աստծուց, ձեռներս պարզելով և աչքերս համեստությամբ բարձրացնելով դեպի վեր։

Առաջին իմ բաղձանքն էր, որ աստված ինձ այնքան շնորհ տա, որ ես աղա Մակարի աչքում սիրելի դառնամ, օրեցօր նրա մոտ առաջանամ, հասնեմ Գրիգորի աստիճանին, այսինքն՝ մինչև մապադինի դրամարկղը: Այնուհետև, ավելի ու ավելի առաջանալով, վերջապես, ինքս էլ մի օր աղա Գուլամյանց դառնամ, նրա նման հարստություն դիզեմ, փառավոր տներ շինել տամ, կառքեր, ծառաներ, գործակատարներ պահեմ