Երբեմն, տանից դուրս գալիս կամ տուն վերադառնալիս, ես այնտեղից լսում էի Զարիֆյանի սառն, միատեսակ հնչող ձայնը և չափավոր ծիծաղը։ Եվ ես իմ մտքում վրդովվում էի Ադելաիդայի դեմ, որ թույլ էր տալիս այդ մարդուն՝ հետամուտ լինել իրան։ Վերջապես դեպի Զարիֆյանը տածած խուլ հակակրանքի զգացումը իմ մեջ մի օր մի փոքր գոհացում ստացավ։
Դա Ադելաիդայի ծննդյան տարեդարձի օրն էր։ Լրանում էր քսան տարին։ Նախընթաց երեկոյին նա մեզ հրավիրել էր շոկոլադ խմելու: Մենք շնորհավորեցինք նրան մի-մի նվերով։ Զարիֆյանը գնել էր մի շքեղ մետաքսյա հովանոց. մի բան՝ որ անսպասելի էր նրա նման ժլատից։ Սանթուրյանը բերեց մի փղոսկրյա քնարիկ: Դա մի հասարակ, բայց ճաշակով շինված քորոց էր կրծքի համար։
Օրիորդը մեր նվերները դրել էր առանձին սեղանի վրա և պարծանքով ցույց էր տալիս ընկերուհիներին, որ եկել էին շնորհավորելու։ Առանց քաշվելու նա մի առանձին հաճույքով ցույց էր տալիս Սանթուրյանի նվերը, որ գուցե բոլոր նվերներից էժանագինն էր։
— Ախ, Ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ գեղեցիկ է,— կրկնում էր նա անդադար,— երևում է, որ նվիրողը ճաշակով մարդ է…
Սանթուրյանը երբեմն նայում էր օրիորդին երբեմն ինձ և ամաչելով գլուխը թեքում կրծքին։ Պետք է ասել, որ մի շաբաթ էր արդեն, նա ուշադիր էր դեպի օրիորդը: Պարզ էր, որ այդ կարճ միջոցում նա ավելի էր գրավել նրան, քան Զարիֆյանը ամիսների ընթացքում։ Երկու օր առաջ նա ինձ մոտ առաջին անգամ խոսեց Ադելաիդայի մասին։ Նրա հատուկտոր խոսքերից իմացա, որ հավանում է գերմանուհուն, մանավանդ նրա աշխույժ և ուրախ բնավորությունը։
Ադելաիդան անվերջ հրճվում էր Սանթուրյանի նվերով, ստեպ-ստեպ ժպտալով նրա երեսին։ Պետք էր տեսնել Զարիֆյանին։ Ներքին հուզմունքից նա անդադար կրծոտում էր շրթունքները, բեղերը շարունակ ոլորում և մատներով ձգձգում բաց-շագանակագույն միրուքը։ Նա աչքերով գրավում էր Ադելաիդային և աշխատում էր անուշադիր լինել դեպի