Խղճում են թույլերին, իսկ նա թույլ չէր, այլ զգայուն, պարզախոս, անկեղծ։ Եվ հենց այդ պարզախոսությունն ու անկեղծությունն էին նրա անբախտության հիմքը։
Վերջին ժամանակ նրա դժբախտ հոր մասին Թիֆլիսի մի լրագրում երևացել էր մի կոպիտ ֆելիետոն։ Ուսանողները կարդում էին և ծիծաղում։ Կարդաց նա ինքն էլ, և կրակը սկսեց մի նոր ուժով լափել նրա ներսը։ Ես ամեն կերպ աշխատում էի թեթևացնել նրա վիշտը։ Բայց երբեք չէի ձգտում նրա մեջ թուլացնել որդիական սերը։ Դա կլիներ ապարդյուն ջանք․ այնինչ ես, փոխանակ մխիթարելու, կավելացնեի նրա դառնությունները։
Ես ուրախ էի, որ նա հետզհետե ավելի ու ավելի հափշտակվում էր Ադելաիդայով։ Դա, անկասկած, կարող էր ցրվել նրա թախիծը կամ գոնե թեթևացնել․ դա միակ դեղն էր նրա բարոյական տառապանքի դեմ։
Մի օր նա մտավ իմ սենյակը ուրախ տրամադրությամբ։ Առաջին անգամն էի տեսնում նրա մելամաղձոտ դեմքի վրա կենսուրախության ժպիտ։ Առանց քաշվելու, առանց առաջաբանի, նա բացարձակ հայտնեց, թե արդեն յուր սերը հայտնել է Ադելաիդային և հավանություն է գտել նրա կողմից։ Ադելաիդան հիանալի աղջիկ է, սիրում է, կարող է հասկանալ նրան։ Եվ մի ամբողջ քառորդ ժամ նա գովում էր գերմանուհուն և հրճվում փոխադարձ սիրով։ Ես չկարողացա ինձ զսպել. ինչպես սիրո զգացումը դեռ չճաշակած մի մարդ, շտապեցի գործին ավելի խոր նայել և հարցրի.
— Բայց ի՞նչ վերջ կունենա այդ սերը։
— Ես կամուսնանամ նրա հետ, ահա թե ինչ վերջ կունենա,— պատասխանեց նա դրականորեն։
Խոստովանում եմ, այդ մասին ես չէի մտածել։ Ինձ թվում էր թե դա մի ժամանակավոր հափշտակություն է, շուտ սկսվել է, շուտով էլ կանցնի։ Լսելով Սանթուրյանի վճռական պատասխանը, ես ինքս իմ հարցից ամաչեցի. ի՞նչպես էի հանդգնել ենթադրելու անգամ, որ այդպիսի ազնիվ մարդը կարող է թեթևամիտ խաղ խաղալ մի երիտասարդ և անարատ աղջկա հետ։ Բայց միևնույն ժամանկ ես հոգով ընդդեմ էի նրա ամուսնանալուն։ Չգիտեմ ինչու, հավատացած էի, որ