— Փա՜ստ։ Աստծուն է հայտնի, որ ե՛ս իմ մաքուր սերն անգամ ամոթով եմ նրան հայտնել։
— Եվ դու այդ բոլորից հետո չե՞ս ուզում անձամբ օրիորդից բացատրություն պահանջել։
— Զարիֆյանը պնդում է, թե Ադելաիդան այդ մասին լսել անգամ չի ուզում։
Զարիֆյանը ասում է, թե օրիորդը վատ գաղափար ունի Սանթուրյանի մասին։ Զարիֆյանը պնդում է, թե օրիորդը չի ուզում տեսնվել Սանթուրյանի հետ. բոլորը Զարիֆյանը.․. Ոչ, մտածում էի ես, այստեղ մի գաղտնիք կա։
— Սանթուրյան կրկնեցի ես,— մոռացի՛ր այդ աղջկան, ձեռք քաշիր այդ Զաիրֆյանից։
— Այժմ ես կաշխատեմ կատարել այդ խորհուրդը։ Մոռանալ Ադելաիդային, իհարկե չեմ կարող, բայց կհեռանամ նրանից։ Չի կարելի ուժով սեր գրավել։ Նա իրավունք ունի արհամարհելու, որովհետև բոլորը արհամարհում են։ Ոչինչ, թող արհամարհի․ ես այլևս նրան չեմ ձանձրացնիլ․․․
Մի քանի օր անցած՝ պառավը եկավ իմ սենյակը և վշտացած հայտնեց, թե Սանթուրյանը տեղափոխվում է։
Ես շտապեցի նրա սենյակը։ Նա շրթունքները կրծոտելով, անցուդարձ էր անում։ Արդեն ժողովել և կապոտել էր իրեղենները և սպասում էր կառքի։
— Ու՞ր ես գնում։
— Ես ի՛սկույն ուզում էի գալ քեզ մոտ։ Տեղափոխվում եմ ուրիշ սենյակ։
— Միթե արդեն բանն այդ տե՞ղն է հասել։
Նա ասաց, թե չի կարող այդքան մոտիկ ապրել և այդքան հեռու լինել Ադելաիդայից. թե զգում է, որ յուր ներկայությունը ձանձրացնում է օրիորդին և թե, վերջապես, հպարտության զգացումը չի թույլ տալիս այժմ նույնիսկ որևէ բացատրություն խնդրել նրանից։
Անցավ մոտ մի շաբաթ։ Ես Սանթուրյանին ո՛չ մի տեղ չէի հանդիպում։ Նա համալսարանումն էլ չէր երևում։ Դժբախտաբար ես մոռացել էի հարցնել նրա նոր սենյակի տեղը։ Վերջապես մի առավոտ հանդիպեցի նրան Տվերսկայա փողոցում։ Նա շտապով մոտեցավ ինձ և ամուր սեղմեց իմ ձեռը։