Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քննությունը։ Չէր հաջողվել։ Փաստաբանը հույս էր տալիս, որ պալատը ուիիշ կերպ կնայի դատին, քան դատարանը։ Ընտանիքը ապրում էր այս հույսով։

Ազգականները մեծ մասամբ երես էին դարձրել նրանցից։ Օրիորդը ամոթից և վշտից չէր ուզում հասարակության մեջ երևալ։ Մայրն ամեն օր արտասուք էր թափում։ Գիմնազիստը տարվա կիսին, չդիմանալով ընկերների ծաղրին, դադարել էր գիմնազիոն գնալուց և պետք է մի տարի կորցներ։

Այս բոլորը պատմեց ինձ Սանթուրյանը, երբ մենք առանձնացանք նրա սենյակում։

— Չգիտեմ ո՛ր մեկին մխիթարել, ո՛ր մեկի համար մտածել,— ասում էր նա վշտացած։

Ես ամեն օր այցելում էի նրան։ Միասին գնում էինք զբոսնելու քաղաքից դուրս։

Երբեք չեմ մոռանալ այդ զբոսանքները և իմ բարեկամի տաղանդավոր զրույցները։ Ա՛խ, սիրում էի նրա հանդուգն դատողությունները, նրա ազատ և աներկյուղ գաղափարները, նրա պարադոքսները, մտքի անկանոն, բայց հսկայական թռիչքները։ Երբեմն մի անսպասելի դարձվածքով, անփույթ ձևով արտասանված խոսքով որոշում էր այս կամ այն երևույթի ներքին իմաստը։ Ոչինչ չէր խուսափում նրա սուր աչքերից, ոչինչ, որ միայն վերաբերում էր հասարակական կյանքին։

Նա քստմնում էր այն բոլորից, ինչ որ, նրա կարծիքով, չէր բխում մարդու իսկական զգացումներից։ «Պատժվի՛ր, բայց մի՛ կեղծիլ», ահա նրա նշանաբանը, և այդ նշանաբանին հավատարիմ մնաց մինչև վերջը...

Մի անգամ ես նրան ուժով տարել էի, չեմ հիշում, ինչ ընկերության ընդհանուր ժողով։ Այնտեղ կային հայեր, ռուսներ, վրացիներ, նույնիսկ մի քանի թուրքեր։ Բոլորն էլ գրեթե բարձր կրթության տեր մարդիկ էին։ Քննվում էր մեր երկրի տնտեսական վիճակին վերաբերյալ մի խնդիր։ Սանթուրյանը ինձ հետ հեռվից դիտում էր ժողովը և ուշադրությամբ ականջ դնում խոսողներին։ Նրա երեսից չէր հեռանում հեգնական ժպիտը։

— Նայի՛ր,— ասաց նա, իմ ուսին խփելով,— այստեղ