Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծննդավայրը։ Այս անգամ մորս տեսա անկողնի մեջ ծանր հիվանդ։ Յոթ շաբաթ նա տատանվում էր մահի և կյանքի մեջ։ Ես չէի կարող նրանից հեռանալ, թեև վաղուց պետք է լինեի համալսարանում։ Վերջապես նա սկսեց առողջանալ, և արդեն հոկտեմբերի վերջն էր, երբ հասա Մոսկվա։ Վճռել էի իմ ուսանողության այդ վերջին տարին էլ անցկացնել գերմանացի պառավի բնակարանում։ Մտածելով, գուցե իմ սենյակը արդեն վարձված է կամ տանտիրուհին տեղափոխվել է ուրիշ տուն, ես մի օրով իջևանեցի հյուրանոցում և նույն օրը գնացի պառավին տեսնելու։

Հույս ունեի Ադելաիդային հանդիպել մոր մոտ։ Թե ինչ հետևանք էին ունեցել նրա հարաբերությունները Զարիֆյանի հետք չգիտեի։ Միայն մտածում էի, որ Զարիֆյանը չպիտի լինի Մոսկվայում։ Նա արդեն ավարտել էր ուսումը և պետք է վերադարձած լիներ հայրենիք։

Մտա ծանոթ տան բակը և դիմեցի ուղղակի դեպի պառավի բնակարանը։ Դռնապանը նախկինն էր։ Մոտեցավ ինձ և բարևելով, հարցրեց.

— Երևի գերմանուհուն եք ուզում տեսնել։

— Այո՛։

— Չկա գերմանուհին։

— Տեղափոխվե՞լ է։

— Այո՛։

— Ո՞ւր։

— Այնտեղ, ուր բնակարանի համար վարձ չեն տալիս,— պատասխանեց դռնապանը ռուս մուժիկին հատուկ սառը հեգնությամբ դեպի մահը։

Խե՜ղճ պառավ. նա մեռել էր։ Առավոտյան հիվանդացել էր, երեկոյան հոգին ավանդել։ Դժբախտությունը պատահել էր ամառվա կիսին։ Ադելաիդան մոր մահից հետո վաճառել էր կահ-կարասին և տեղափոխվել ուրիշ տեղ։ Մեր բնակարանը այժմ կարուձևի արհեստանոց էր դարձել․..

Այլևս ոչինչ չհարցրի և դուրս եկա փողոց՝ մի ծանր թախիծ սրտումս։ Կարծես ինձ զրկեցին մի ընտանիքի օթևանից, այնքան ընտելացել էի այդ բնակարանին և իմ տանտիրուհիներին։