տեսակ սուր և սպառնալի հայացք էր ձգում աղա Գուլամյանցի կողմը և երկու ձեռներով յուր նիհար կրծքին խփում։ Թե ինչ էր արտահայտում ծերունու այդ շարժմունքը, ինձ համար անհասկանալի էր, միայն պարզ էր, որ նրա աղոթքի մեջ խառն էր և աղա Գուլամյանցի անունը։
Ժամասացությունը վերջացավ։ Տեր-Վահակը, ավարտելով վերջին «յերթայք խաղաղությամբ և տեր յեղիցի ընդ ձեզ և ընդ ամենեսյան ամենը», սուրբ ավետարանը պահեց, որ բարեպաշտ ժողովուրդը համբուրե։ Ես վերցրի գդակս ու բանալիները և եկեղեցուց դուրս գալով, դռանը սպասում էի աղա Գուլամյանցին։
Մի քանի րոպեից հետո մենք «խաղաղությամբ և տերը մեզ հետ» ճանապարհվեցինք տուն։ Ծերունին ինձ խիստ հետաքրքրում էր, իմ միտքն այնքան զբաղված էր նրանով, որ բոլորովին չիմացա, թե ինչպես հասանք տուն։
III
Փառավոր և շքեղ էր այն տունը, ուր բնակվում էին Գուլամյանցները։ Բարձր, երեքհարկանի, սպիտակ քարից կառուցած շինության առջև բացվում էր մի ընդարձակ այգի բազմատեսակ մրգատու ծառերով և գեղեցիկ ծառուղիներով, որոնք ավարտվում էին մի մաքուր և լայն հրապարակի շուրջը։ Այս հրապարակի վրա շինված էր մի մեծ ավազան, որի մեջտեղում գտնվող բարձր շատրվանից անդադար բարձրանում էին մաքուր ջրի պարզ և փայլուն շերտեր։ Ես առաջին անգամ էի տեսնում մի այդպիսի զմայլեցուցիչ տեսարան և այս պատճառով մինչև տուն հասնելը մի փոքր կանգ առա և հիացած նայում էի։
Նախանձի ոգին դարձյալ գրգռվեց իմ մեջ։ «Երանի քեզ, աղա Գուլամյանց,— ասացի մտքումս,— որ կյանքդ անց ես կացնում այդ շքեղ և զվարճալի տեսարաններով շրջապատված տան մեջ։ Մարդիկ ասում են, թե դժոխք և արքայություն կան մյուս կյանքում, բայց ողորմելիները կույր են, նույն դժոխքն ու արքայությունը չեն կարողանում տեսնել հենց այս