պատկերների տակ, կարդում էր զանազան կենդանիների անուններ:
Սամսոնը զգացվեց ընտանեկան տեսարանից:
— Հանաքը մի կողմ,— ասաց նա,— շուտով Ժորժիկը կարող է այբուբեն սովորել։
— Շուտո՜վ,— կրկնեց Մելանիան, դառը քմծիծաղ տալով,— ո՛չ, դու դեռ շա՜տ պիտի սպասես։
Սամսոնը չըմբռնեց այս խոսքի մեջ թաքնված հեգնանքը։
— Կսպասեմ,— ասաց նա ժպտալով։
Մի օր, երբ նա ամառանոց եկավ մենակ, Մելանիան հարցրեց.
— Ինչո՞ւ ազգականիդ չբերեցիր։
— Չուզեց գալ։
— Ինչո՞ւ։
— Է՜, երևի, հասկացել է, որ դու չես սիրում իրեն։
Մելանիան շրթունքները թեթևակի կծեց։
— Եթե հասկացել է, շատ լավ է արել։
— Մելանիա՜,— արտասանեց Սամսոնը հանդիմանաբար։
— Նա ինձ բոլորովին դուր չի գալիս։ Այո՛, դուր չի գալիս, եթե ուզում ես ճշմարիտն իմանալ։
— Բայց լա՛վ չես անում։ Պետք է նրա հետ քիչ թե շատ քաղաքավարի վարվել, թե չէ քույրս կլսի, կվիրավորվի։
— Մի՞թե,— արտասանեց Մելանիան մտախոհ և անորոշ։
— Ես մյուս անգամ անպատճառ հետս կբերեմ նրան։
Մելանիան իսկույն չպատասխանեց, լռեց մի քանի վայրկյան և հետո ասաց.
— Դո՛ւ գիտես, ազգականը քոնն է...
Այդ օրը նա Սամսոնին թվաց սովորականից ավելի տխուր, գունատ, նույնիսկ նիհար։ Կարելի էր կարծել, թե ամառանոցի օդը լավ չի ներգործում նրա վրա։ Սամսոնը հարցրեց.
— Մելա՛նիա, դու առո՞ղջ ես...