Նախ նրան ծանոթացրին Սամսոն Ֆրանգուլյանի հետ, թույլ տվեցին մի քանի անգամ հետը խոսել կլուբում, թատրոնում, հետո միայն սկսեցին «համոզել», այո, համոզել և ոչ թե հարկադրել: Եվ որպիսի՜ մեղմ եղանակով համոզեցին։ Նա կարող էր մերժել, եթե կամենար։ Ոչ ոք նրան զոռով չէր ամուսնացնիլ: Շա՜տ-շա՜տ, ծնողները մի փոքր կվշտանային, մի փոքր կնախատեին նրան, հետո... կլռեին։ Բայց նա չմերժեց. թո՛ղ ուրեմն այժմ կրի յուր սխալի հետևանքները։ Թող նա կենակցի մի մարդու հետ, որը երեսուն տարով մեծ է իրենից և որին չի սիրում։ Չի՞ սիրում։ Ոչ, այդ սխալ է, ուզում է սիրել և չի կարողանում։ Նա հարգում է այդ մարդուն, համարում է նրան արժանավոր ամուսին։ Ամուսին, որ սիրում է նրան ինչպես աստվածուհու, կատարում է նրա բոլոր ցանկությունները, բոլոր քմահաճույքները, ինչպես ստրուկ։
Բայց միթե այսքանը բավակա՞ն է։ Իսկ ո՞ւր թաքցնի Մելանիան նոր հղացած կյանքը, նրա բնական պահանջները, երիտասարդ սրտի ավյունը, որ այրում է նրան ամառային արեգակի ջերմության չափ, տարածվելով ամբողջ մարմնի մեջ, որպես հալած մետաղ։ Ինչպե՞ս զսպի սիրելու ջերմ փափագը։ Սիրելու ոչ թե մի ուժասպառ տղամարդի, այլ մի տաքարյուն երիտասարդի, որ կարողանար հագուրդ տալ նրա բոլոր զգացումներին, որ նրա չափ օժտված լիներ կենսասիրական հրով։ Բռնությո՜ւն, կատարյա՛լ բռնություն։ Նա ինքը դեռ քսանուչորս տարեկան չկա, դեռ նոր-նոր է հասկանում, թե կինը նախ և առաջ ինչու համար է ստեղծված։ Եվ ստիպված է գրկել ու համբուրել, կամ գրկվել և համբուրվել մի հնոտիի հետ։ Եվ դեռ Մելանիային նախանձող կանայք կան։
Օգոստոսի վերջին Մելանիան վերադարձավ քաղաք։
Սեփական տունն արդեն պատրաստ էր. Սամսոնն ընտանիքն ուղղակի այնտեղ տեղափոխեց։
Խե՜ղճ մարդ. որքա՜ն էր աշխատել նոր կացարանին կարելույն չափ ճոխություն ու շուք տալու։ Շատ կահ-կարասի նոր էին բերել տրվել արտասահմանից, որովհետև հները չէին համապատասխանել սենյակների շքեղությանը։ Պատերը յուղաներկ ներկված, դռները թանկագին կարմիր փայտից, լուսամուտները շրջափակված ոսկեզօծ սյուների մեջ — ահա գլխավոր