Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք նախ փոխ տալու ժամանակ դրամագլխի վրա բարդում էին պատկառելի տոկոս, օրինակ, 40 — 50, շատ անգամ 60—70, ապա գինու կամ խաղողի գինը նշանակում էին իրանց ցանկացածի համեմատ: Գյուղացին չէր կարող չհամաձայնվել աղա Գուլամյանցների առաջարկած պայմանների հետ, որքան ևս նրանք դժվար իրագործելի և ծանր լինեին։ Գյուղացին ուրիշ ելք չուներ։ Նա կամ պիտի յուր այգու բերքը ծախեր աղա Գուլամյանցներին, կամ թե չէ ինքը պիտի վաճառահաներ Ռուսաստան։ Վերջինն ավելի դժվար իրագործելի էր, քան թե աղա Գուլամյանցների ճնշող պայմաններին ենթարկվելը։ Գինին Ռուսաստան վաճառահանելու համար հարկավոր էր նախ ունենալ տակառներ գնելու, ճանապարհածախք վճարելու և ուրիշ զանազան պատրաստությունների համար ազատ դրամ և երկրորդ, գեթ մի երկու ամիս ազատ ժամանակ Ռուսաստան գնալ գալու համար։ Այս երկուսից ոչ մեկը չուներ գյուղացին. ճարահատյալ ստիպված էր աղա Գուլամյանցների հարստահարող ճանկերում ճնշված մնալ տարին տասներկու ամիս։ Կար մի ուրիշ ճանապարհ գյուղացիների համար, որը կարող էր նրանց ազատ պահել այդ ճանկերից: Բայց նրանք այնքան տգետ էին, որ այդ ելքի մասին մտածել անգամ չգիտեին։ Գյուղացիները կարող էին, հավաքվելով միասին, ընդհանուր ուժերով իրարու օգնել և իրանց գինիները վաճառահանել առանց աղա Գուլամյանցների միջնորդության։ Սակայն եթե գյուղացիներն այդ հասկանային էլ, դարձյալ ընդունակ չէին կատարելու, այն փոխադարձ անհավատարմության շնորհով, որով հայտնի են առհասարակ գյուղացիները։

Աղա Գուլամյանցների երկրորդ եղբայրն — աղա աղա Աբրահամը, մշտապես յուր ընտանիքով ապրում էր Ռուսաստանում և շատ հազիվ էր պատահում, որ վերադառնար յուր հայրենիքը, այն էլ շատ կարճ ժամանակով։ Ես գոնե մանկությունիցս սկսած երբեք չէի տեսել նրան։ Ինչպես պատմում էին, աղա Գուլամյանցների մեջ նա ամենախելոքն և ամենաճարպիկն էր առուտուրի մեջ և իբր թե նրա շնորհիվ էր դիզվել նրանց հարստությունը։

Իսկ ամենից կրտսերն էր աղա Մակարը։ Ծառան ինձ պատմեց, թե աղա Մակարը մի ինչ-որ հարսանիքում տեսել