Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ նա տեսնում էր թուլություն, բարոյական ուժերի բացակայություն։ Մի բան, որ առհասարակ ատում էր ամեն մի տղամարդի մեջ։

Մի օր առավոտը, թեյից հետո, Մելանիան ասաց.

— Սամսոն, այս երեկո ուզում եմ դիմակահանդես գնալ, թույլ կտա՞ս։

— Գնա՛։

Մելանիան գիտեր, որ Սամսոնը ամբողջ հոգով հակառակ է դիմակահանդես գնալուն, և այս անգամ կատաղեց կեղծիքի դեմ։

— Դու զարմանալի մարդ ես,— գոչեց նա ջղային եղանակով։

— Ինչո՞ւ։

Մելանիան մտածեց և հանկարծ արտասանեց.

— Չեմ սիրում այդ տեսակ ազատություն։ Հասկանո՞ւմ ես, չեմ սիրում, զզվում եմ...

Սամսոնը նայեց նրա երեսին զարմացած։ Կար ժամանակ, երբ Մելանիան սաստիկ ձգտում էր հենց այդ տեսակ ազատություն ունենալ, իսկ այժմ ի՞նչ պատահեց։

— Մեղա՜, թե միտքդ հասկանամ.— արտասանեց նա, ուսերը վեր քաշելով։

— Չե՞ս հասկանում,— գոչեց Մելանիան նույն ջղային եղանակով,— ավելի վատ քեզ համար։ Ուզո՞ւմ ես, որ պարզ խոսեմ։ Դու խեղճ մարդ ես, իսկ ես խեղճ մարդկանց չեմ սիրում։

— Ե՞ս եմ խեղճ մարդ,— կրկնեց Սամսոնը, դառն հեգնությամբ ժպտալով,— երևի դու ինձ դեռ լավ չես ճանաչում։

— Ո՛չ, այդ չէի ուզում ասել։ Դու խեղճ չես, այլ չափից դուրս շատ ես սիրում ինձ։

— Տեր ամենակարող աստված,— կարողացավ միայն մրմնջալ Սամսոնը։

— Մի՛ սիրիր ինձ, այո՛, մի՛ սիրիր...

— Ասա՛, ասա՛, տեսնենք է՛լ ինչ ես ասում։

Հանկարծ Մելանիայի կոկորդի երակները փքվեցին, կապտեցին, երեսի մկանունքները աղավաղվեցին, կուրծքը բարձրացավ ուժգին։ Սկսեց հեկեկալ։ Սամսոնն արդեն ապշեց: