Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես կատակ չեմ անում,— շարունակեց Մելանիան,—սրտիս ցավն եմ հայտնում։ Մա՛րդ. դու ապրել ես ու վերջացրել կյանքդ, իսկ ես նոր եմ սկսում ապրել, հասկանո՞ւմ ես, նոր-նոր միայն: Չէ որ քսանուչորս տարեկան եմ, ա՛նաստված, ինչպես ապրեմ քեզ հետ։ Ինչո՞վ ես ուզում ինձ բախտավորեցնել։ Բազմաթիվ ծառաներո՞վ, այս շքեղ տնո՞վ, թանկագին հագուստներո՞վ, ոսկով ու քարեղենո՞վ։ Լսի՛ր, ես այն կանանցից չեմ, հասկանո՞ւմ ես, չեմ էլ ուզում լինել: Չեմ ուզում ուտել ամուսնուս հարստությունը, սիրել ուրիշներին։ Ի՞նչ ես աչքերդ պսպղացնում։ Ի՞նչ ես կատաղում, մի՞թե չգիտես, որ կան այս տեսակ կանայք։ Ես ինքս ճանաչում եմ օրիորդներ, որ երազում են գտնել հարուստ ու ծեր ամուսիններ, որպեսզի նրանց փողերը ծախսեն, իսկ սիրեն ուրիշներին։ Այո՛, կան, շատ կան այդպիսիները, քեզ էլ է հայտնի, որ կան։ Բայց ես չեմ ուզում նրանց օրինակին հետևել, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում։

Նա միայն աշխատել է ինքն իրեն խաբել։ Սկզբում, երբ սկսեց ճանաչել իրեն, հասկանալ իր անբախտությունը, ուզում էր իր նման շատ-շատերի պես լուռ խոնարհվել ճակատագրի առջև: Բայց չկարողացավ։ Հետո փափագեց աշխարհ տեսնել, իմանալ ինչպես են ապրում ժամանակակից հարուստ կամ արիստոկրատ համարված կանայք: Մի տարվա մեջ նա շատ բան տեսավ, շատ բան ուսումնասիրեց և այն, ինչ որ տեսավ ու ուսումնասիրեց, շուտով զզվեցրեց նրան։ Այնուհետև աշխատեց գլուխը խաբել հասարակական գործերով։ Եվ ահա կես տարի, միայն կես տարի անցած՝ այսօր այս էլ է նրան զզվեցնում։ Մարդիկ երեսին կեղծավորում են, հետևից ծաղրում, երեսին խելոք, լուսավորված կին համարում, հետևից—փառամոլ, parvenue, выскочка։ Նրան չարախոսում են, թե «սիրեկան է փնտրում»։ Այժմ նա ուզում է բոլորից ամեն բանից երես դարձնել ու ապրել ինքն իր սրտի համար, ապրել սիրող կնոջ կյանքով, Եվ հանկարծ... սեր չկա... պահանջ կա, բայց սեր չկա։ Իսկ քանի որ սեր չկա, ինչի՞ է նման կյանքը և ի՞նչ օգուտ հարստությունից։

— Ասա՛, ի՞նչ օգուտ, որ այն էլ երեսովս ես տալիս։ Չեմ ուզում քո հարստությունը, չեմ ուզում, երդվում եմ Ժորժիկիս