մութ ակնարկների էլ։ Ինչո՞վ իրան պաշտպանի, քանի որ գիտե՝ սիրելը քիչ է, պետք է ունենալ նաև սիրելու իրավունք, այսինքն՝ միջոց։
Դեռ ամուսնության երկրորդ տարին նա զգաց, որ շուտով պիտի զրկվի այդ միջոցից։ Եվ երբ զգաց, որ սկսում է զրկվել, շատ մտածեց, շատ աշխատեց ու չգտավ ոչ մի հնար բնության հարվածի դեմ։ Նա համոզվեց, վերջապես, որ ոչ ոք, ոչ ոք չի կարող օգնել իրեն այս դեպքում, թեկուզ զոհի իր բոլոր միլիոնները։ Ճակատագրի դա՜ռն հեգնանք. անբախտությունը սկսվեց հենց այն պահուն, երբ նա հույս ուներ ապրել մի նոր, ավելի հանգիստ, ավելի երջանիկ կյանքով...
Ի՞նչ անել այժմ, երբ նրանից պահանջվում է անկարելին։ Բաժանվե՞լ Մելանիայից, ազատությո՞ւն տալ պահանջողին՝ գնա ուր ուզում է ապրի, ում հետ նա կամենում է։ Բավականանա՞լ ամուսնական կյանքի այն առաջին երկու-երեք կիսաբախտավոր տարիներով, երբ դեռ ուներ փոքրիշատե իրավունք իբրև ամուսին։
Մի պահ զգաց, որ եթե բարոյական քաջություն ունենա, պարտավոր է այդպես անել. չէ՞ որ չի կարելի առանց իրավունքի բռնի տիրանալ մի թարմ էակի կյանքին։ Սակայն... միայն մի պահ, հետո ինքը սարսափեց իր մտքից։ Բաժանվե՞լ Մելսանիայից, մի էակից, որ զարդարում է նրա կյանքը և հյութ տալիս նրա չոր ու ցամաք գոյությանը։ Գցել նրան մի ուրիշի գի՞րկը և, դիտելով հեռվից, տանջվե՞լ բարոյապես, դառնալ ծաղրի ու խոսակցության առարկա... Օ՜о, ոչ, ոչ, այդ անկարելի է, այդ վեր է նրա ուժերից։ Ուրեմն ի՜նչ. ստիպել երիտասարդ կնոջը կենակցե՞լ իր հետ, մի մարդո՞ւ, որին չի սիրում և երբեք չի՛ կարող սիրել, գուցե, իրավ, հակառակ իր ջերմ ցանկության։ Միթե անգթությո՞ւն չէ այդ։ Իսկ նա ոչ միայն գործում է այդպիսի անգթություն, այլև Մելանիայի երեսովն է տալիս այդ անգթությունը, համարելով նրան բարերարություն։
Եվ, հալածվելով այս մտքից, Սամսոնը տանջվում էր։ Արդեն առաջ էլ չէր սիրում հասարակություն, իսկ այժմ բոլորովին երես դարձրեց նրանցից։ Ոչ մի տեղ չէր գնում, ոչ ոքի չէր ընդունում, իսկ աներոջ ու զոքանչի հետ խոսել անգամ