XIV
Խորհում էր Մելանիան գիշեր ու ցերեկ և չէր կարողանում որևէ որոշում կայացնել։ Նա օր օրի վրա ավելի էր համոզվում, որ չէր կարող երկար ժամանակ մնալ անորոշ ու ծայրաստիճան լարված դրության մեջ։ Նա զգում էր, որ Սամսոնը նրա համար օտարանում է ոչ օրերով, այլ ժամերով և հեռանում է անվերադարձ։ Երկու ամուսինների մեջ բարձրանում էր մի պատնեշ, որին չէր կարող խորտակել ոչ մի առողջ բանականություն։ Եվ Մելանիան սկսեց վախենալ Սամսոնից, առաջին անգամ զգալով նրա տանջալի լռության մեջ ինչ-որ չարագուշակ մի բան։ Մնալ այդ մարդու հետ մի հարկի տակ թվում էր նրան և՛ վտանգավոր, և՛ զազրելի։ Ի՞նչ անել, արդյոք, թողնել նրան՝ և վերադառնալ ծնողների մոտ, թե՞ դիմել այն ապօրինի, այն վատթար և այն սովորական դարձած միջոցին իր դրության հետ հաշտվելու համար, որին դիմում են շատ շատերը։ Դավաճանության։ Դժվար իրագործելի էր թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Ի՞նչ պիտի պատասխաներ հարյուրավոր հետաքրքրվողների հարցին — «Ինչո՞ւ բաժանվեց»։ Պատճառ պիտի բերեր Սամսոնի ծերությունը։ Բայց չէ՞ որ նրանք կարող էին ասել «ո՞ւր էր քո խելքը ամուսնանալիս»։ Առարկել նրա ֆիզիկական անկարողությո՞ւնը։ Օօ ոչ, այդ անոթալի է, և նա չի կարող կրել հասարակության ծաղրն ու ծիծաղը։ Իսկ մնալ օրինական ամուսնու հարկի տակ, ուզել նրա մահը, խաբել ու դավաճանել, դեմ էր նրա ամբողջ էությանը և կրկնակի վտանգավոր...
Եվ այսպես, այս երկդիմի դրության մեջ Մելանիան տառապում էր անսահման։
Այնինչ Սամսոնը՝ սիրելով Մելանիային դաժան սիրով՝ կատաղում էր ժամանակի և բնության դեմ այնպես, որ կարծես, նրանց անողոք օրենքները հատկապես նրա համար էին հորինված։ Նա անիծում էր մարդկությունը և նրա հնարած բոլոր գիտությունները, որ անզոր էին նրա անզորության դեմ։ Եվ աշխարհը նրան թվում էր սառն, անհյուրընկալ։ Կյանքի նյութական շուքի մեջ զգում էր իրան խորթ, եկվոր և հարստության մեջ չքավոր, որպես մի արհամարհված մուրացկան