Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա աչքերը պսպղում էին, մերթ կարծես մարում ինչպես հեռավոր փարոսի լույսը։

Նա վերցրեց սեղանի վրայից լամպարը, անցավ հաջորդ սենյակ, իր ննջարանը։ Այժմ այնտեղ երկուսի փոխարեն դրված էր միայն մի անկողնակալ, այժմ նա սառն էր, անհյուրընկալ, առմիշտ զրկված ամուսնական կյանքի մի ժամանակվա ջերմությունից։ Նա սկսեց ծուլորեն, կամաց-կամաց հանել հագուստը։ Դուրս բերեց ժիլետի գրպանից ժամացույցը, նայեց, դրեց անկողնակալի գլխի քով գտնվող փոքրիկ սեղանի վրա։ Գիշերվա երկոսուկես ժամն էր։ Երբեք նա այդպես ուշ չէր պատրաստվել անկողին մտնելու։ Նա դեն ձգեց փողկապը, հանեց կոշիկները, հագավ հողաթափերը և դարձյալ սկսեց անցուդարձ անել։ Երկու անգամ նա մոտեցավ դռներին և ականջ դրեց հաջորդ սենյակը, որ առաջ Ժորժիկինն էր, այժմ Մելանիային ծառայում էր որպես ննջարան։

Գիշերային անդորր լռության մեջ լսվում էր երիտասարդ կնոջ առողջ ու կանոնավոր շնչառությունը։ Նա քնած էր խոր քնով — գոնե այնպես թվաց Սամսոնին, երբ կիսով չափ բաց արավ դռները և նայեց։ Փոքրիկ սեղանի վրա վառվում էր այն գեղեցիկ լամպարիկը՝ վարդագույն լուսամփոփով, որի լույսով Սամսոնը շատ անգամ էր սքանչացել Մելանիայի մարմնի գեղեցկությամբ։ Բայց երբեք, երբեք այդ մարմինը չէր եղել նրա աչքում այդքան գեղեցիկ, որքան այդ գիշեր։ Մետաքսյա դեմի-սեզոն վերմակի մի ծայրը հետ էր ծալվել և ցուցադրել նրա ուռուցիկ կուրծքը, որի վրա հանգչում էին խիտ մազերի ալիքավոր հյուսերը։ Վերև այդ մազերը նրա գլխի շուրջը կազմում էին մթին շրջանակի նման սքանչելի մի պսակ։ Աջ ձեռքը հանգիստ տարածված էր կողքով, իսկ ձախ ձեռը գլխի շուրջը կազմում էր մի ուրիշ շրջանակ։ Հագուրդ չստացած կենսասիրության ժպիտը շրթունքների վրա տալիս էր նրա դեմքին ինչ-որ թախիծ, իսկ պայծառ ճակատը, սքողվածքի մազերի ստվերով։

Սամսոնը ներս մտավ կամացուկ, որպես մի հանցավոր՝ սրբության տաճարը։ Նա գալիս էր ոչ իր հանցանքները խոստովանելու ու քավելու, այլ գործելու մի նորը և այնպիսին, որի նմանը երբեք չէր գործել — տաճարից գողանալու այն,