Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա գեղեցկությունը, ահա ինչն է ավելի դյուրին աղավաղել։ Բավական է մատների մի թեթև շփում, և նա կխախտվի հավիտյան․․․

Սամսոնը ձեռը տարավ վարտիկի գրպանը։ Այժմ նա այլևս ինքն իրան չէր պատկանում։ Նա դուրս բերեց գրպանից մի փոքրիկ սրվակ և մի կտոր բամբակ։ Նա ինքը կսարսափեր իրենից, եթե այդ պահին նայեր հայելուն։ Կերպարանքն ավելի մռայլվել էր, բերանի անկյուններն աղավաղվել էին և թեթևակի դողում։ Նա ուշադիր կարդաց սրվակի խորագիրը և գլուխը դրականորեն շարժեց։

Մելանիան շարունակում էր հանգիստ քնել միևնույն դիրքում։ Թվում էր՝ մի ինչ-որ խոր երազ ընդգրկել է նրան իր անշարժության մեջ։

Սամսոնը հանեց սրվակի խցանը և պատրաստվում էր հեղուկը կաթեցնել մյուս ձեռում բռնած բամբակի վրա, նույն պահին, երբ Մելանիան ծանր հառաչելով շարժվեց։ Սամսոնը կանգ առավ և, սրվակը գրպանը դնելով, նայեց։ Այժմ Մելանիան երեսը դարձրել էր դեպի պատը, բայց դարձյալ քնած էր խոր քնով։ Այս անգամ նրա շքեղ գիսակները հեռացել էին ուսերից և թափվել բարձի վրա։ Նրանց փարթամությունը զայրացրեց Սամսոնին։ Ակամա նրա հայացքը դարձավ դեպի կնոջ տուալետի սեղանը և կանգ առավ մի հարդյա զամբյուղիկի վրա։ Նա հուշիկ քայլերով մոտեցավ սեղանիկին, շոշափեց զամբյուղակը, որ լի էր թելի կապոցներով, ասեղներով, կոճակներով և այլ մանր-մունր իրերով։ Լսվեց պսպղուն մկրատի սուր հնչյունը, որից Սամսոնը ցնցվեց այնպես, որպես կարող է ցնցվել մարդը օձի մերձավոր շվվոցից։ Նա դարձյալ նայեց Մելանիայի մազերին և, մկրատը վերցնելով, մոտեցավ։ Կապարային լռության մեջ լսվեց սուր մկրատի զգուշավոր շխկոցը, և Մելանիայի շքեղ գիսակները, արմատից անջատվելով, թափվեցին բարձի վրա և այնտեղից ծանրորեն դեպի հատակը որպես սպանված թռչուն։ Սամսոնը ժամանակ չկորցրեց իր դժոխային դիտավորությունը մինչև վերջը իրագործելու։ Նա շտապով դուրս բերեց գրպանից սրվակը, թափեց մի քանի կաթիլ նրա մեջ պարունակված հեղուկից բամբակի