—Բայց ի՜նչ գեղեցիկ ես այսօր, Լիդիա, նայում եմ և սքանչանում։ Քո թանձր մազերը, քո խոշոր նշաձև կապուտակ աչքերն երկար թերթերունքներով, քո բարակ սևաթույր ունքերը — նորից կարող են ինձ խելքից հանել: Լիդիա, այդպիսի գեղեցկություն ունեցող մի կին չպիտի հրաժարվի ճաշակել երիտասարդ և հարուստ այրիի զգացումները։ Օօ, դա երանելի վիճակ է, երազը բոլոր սնափառ կանանց։ Լինել քսանյոթ տարեկան, գեղեցիկ, ոսկեզօծ և ազատ, միանգամայն ազատ, ամենքին հաճելի, ամենքի երևակայության առարկա։ Լինել շրջապատված տափակ սրախոսներով և առաքինի անառակներով, լսել նրանց սուտ երդումները, կեղծ հառաչանքները, հույս ներշնչել յուրաքանչյուրին և ոչ ոքի հույսը չարդարացնել: Տեսնել տխմար մրցակիցների խուլ պայքարը, արտաքին հետաքրքրությամբ և ներքին արհամարհանքով լսել նրանց քողարկված զրպարտությունները միմյանց դեմ և տանջել, տանջել նրանց անվերջ, անողոք պարծենալ, ու հպարտանալ ու ծիծաղել ու սքանչանալ ինքդ քեզնով։ Լիդիա, Լիդիա, որքա՜ն կսազի սև զգեստը երազուն դեմքիդ, մելամաղձոտ հայացքիդ, Լուսինն այնքան խորհրդավոր չի լինիլ ամառային նոսր ամպերի տակից, որքան քո դեմքը սև երեսքողի տակից...
— Բավական է։ Չգիտեմ քեզ ի՜նչ է պատահել այսօր, որ բանաստեղծ ես դարձել։ Ես քեզ խնդրում եմ կատակ չանել լուրջ բաների հետ։ Քո մի ակնարկն անգամ մահվան մասին ինձ վշտացնում է։ Երդվում եմ։
— Ախ, հպվատում եմ, հավատում,— գոչեց Գուրգենը և վեր կացավ տեղից, գրկեց Լիդիայի գլուխը, որ այնպես հրաշալի պսակվել էր թանձր մազերով և ջերմագին համբուրեց։
Եվ նորից նստեց յուր տեղը։
— Այո, այո,— ասաց այս անգամ լրջորեն,— այնուամենայնիվ ես պետք է կազմեմ կտակս վաղօրոք, որպեսզի մի անգամ առմիշտ փակեմ քաղցած աղվեսների ախորժակը։ Ահ, Լիդիա, չկա ինձ համար ավելի զազրելի բան, քան այն, երբ հարուստի դագաղը շրջապատում են նրա մերձավորները՝ երեսների վրա շինծու վշտի կեղծիքը և սրտերի մեջ անկեղծ ուրախությունը։ Երբ նրանք, սևեր հագած, գլուխները կրծքներին