Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգործ չմնալ, թեև, գործերին անտեղյակ լինելով, ոչինչ չգիտեի կատարել։ Այն գործակատարը, որի մոտ ես կանգնած էի, պատվիրեց ինձ ծախած ու չափած կտորները ծալել և թղթերի մեջ փաթաթելով, հանձնել մուշտարիներին։ Այդ գործը մի առանձին հմտություն չէր պահանջում. ես մի երկու կտորներ փաթաթելուց հետո իսկույն ընտելացա նրան։ Ես բթամիտ տղա չէի, ունեի քիչ թե շատ ընդունակություն շուտ բան սովորելու, բայց այդ զահրումար «արշին բանացնելը», այսինքն՝ կտորներ չափելը մի փոքր դժվար էր, և ես առաջին օրը շատ աշխատեցի, չկարողացա սովորել։ Մոտս կանգնած գործակատարի ձեռների ճարպիկությունը նախանձս շարժում էր։ Նա այնպիսի արագությամբ էր ձեռքում պտտեցնում արշինն, որ ես բոլորովին զարմացած էի։ «Ախ, երբ կլինի, որ ես էլ այդպես չափել կարողանամ»,— մտածում էի, աչքիս տակով մտիկ տալով նրա ձեռներին։

Մակար աղան նույնպես զբաղված էր։ Նա մոտենում էր այս ու այն գործակատարին, մտիկ էր անում, սովորեցնում էր այս այսպես անել, այն այնպես չափել կամ ծախել և այլն։ Երբեմն մոտենում էր մուշտարիներին և նրանց հետ զանազան հանաքներ անելով զբաղեցնում էր, «որ չփախչեն»։ Մի խոսքով, այն օրն ես նրան շատ ուրախ, շարժուն և զվարթ տեսա։ Պետք է ասած, որ աղա Մակարը մի քանի ինքնուրույն շարժողություններ ուներ, որոնցով կարելի էր իմանալ նրա հոգեկան տրամադրությունը։ Ուրախ և գոհ ժամանակը նա սովորություն ուներ յուր մսալի և կլորիկ երեսի վրա խաղացնել մի տեսակ ինքնուրույն ժպիտ։ Այդ ժամանակ նրա աչքերը կուշտ և ուրախ կատվի աչքերի նման փայլում էին, հոնքերը բարձրանում, հաստլիկ շրթունքները ստեպ-ստեպ բաժանվում իրարուց, և նրանց տակից երևում էին սպիտակ ատամները։ Նա քայլում էր շուտ-շուտ ըմբշամարտության հրապարակի վրա խաղացող փահլևանի նման, թևերը օդի մեջ շարժելով և լըխլխացնելով յուր չաղ մարմինը։ Նրա մարմինն այնքան հաստ էր, որ քիչ էր մնում երկայնությունն ու լայնությունը հավասարվեին։ Նա խոսում էր գործակատարների հետ ուրախ և մեղմ, պարգևելով նրանցից յուրաքանչյուրին մի-մի պայծառ ժպիտ։ Իսկ երբ տխուր էր լինում, խիտ