Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա վայելում էր մի մաքուր, անշահ սեր, որի համար պատրաստ էր խեղդել յուր մեջ ամենալավ, ինչպես և ամենավատ զգացումները։ Ահա ինչու նա վճռեց մոռանալ Գուրգենի կոպիտ դավաճանությունը։ Ահ, դա մի չարիք էր, որից առաջացավ բարիք։ Ինչո՞ւ հանուն հետևանքի չներել պատճառը։ Բայց նա զգում էր, որ վերականգնել այն, ինչ որ եղել է, անհնարին է։ Մի կեղտոտ հոսանք եկավ անցավ և նրա կյանքը բաժանեց երկու մասի։ Չպիտի անձնատուր լինել անջնջելի վիրավորանքի դառն հիշողություններին։ Ապրել նրանով, ինչ որ տալիս է ճակատագիրը — այս է պահանջում թե՛ առողջ բանականությունը և թե անձնասիրությունը։

Նույնն է պահանջում և՛ այդ փոքրիկը, որ ամեն անգամ նրան տեսնելիս յուր թույլ ոտներով վազում, ընկնում է նրա գիրկն ու կրկնում․

— Մամա, սիյում եմ քեզ․․․

Մի անգամ Լիդիան հարցրեց․

— Սերժ, պապայի՞ն էլ ես սիրում։

— Նրան էլ եմ սիյում, քեզ ավելի եմ սիյում, շատ եմ սիյում, այ, այսքան։

Նա ձեռքերը տարածեց աջ ու ձախ, որքան կարող էր լայն։

Անթափանցելի է մանկան հոգեկան աշխարհը։ Ո՞վ կարող էր ասել, որ այդ պատասխանի մեջ չկա ավելի գիտակցություն, քան բնազդ։ Գուցե այդ փոքիիկ գլուխը հասկանում էր, որ ինքը բյուր անգամ ավելի է սիրված անհարազատ մորից, քան հարազատ հորից։ Մի մարդուց, որ նրան յուր մոր արգանդում փողոց շպրտելու դաժան միտումն էր ունեցել մի ժամանակ։

Ահ, այդ միտումը։ Ոչ միայն մանուկը, այլև Լիդիան չէր զգում, թե որքան հոգեկան տանջանք է նա պատճառում Գուրգենին այժմ, երբ հիշում է։

— Շնորհակալ եմ քեզնից, Լիդիա,— ասաց նա մի անգամ, չկարողանալով այլևս թաքցնել յուր զղջման զգացումը,— դու ինձ ազատեցիր խղճիս հավիտենական տանջանքից։ Չլիներ քո խելքը, քո տակտը, քո բարությունը, չլիներ քո վեհանձնությունը, այդ անմեղ էակը պիտի փողոցին զոհ դառնար և այսօր իմ խղճի խայթոցը պիտի լիներ ավելի սոսկալի։