Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն եթե դատարանին դիմեմ, ձեր եղբորն է՞լ կստիպեն ինձ ամսական նշանակել:

— Իհարկե, կստիպեն: Բայց ես չէի կամենալ, որ եղբորս դատարան քաշեք։ Գիտեք, ես հարազատ քույր եմ, եթե նրան տեսնեմ մեղադրյալների նստարանի վրա, շատ կտանջվեմ, շա՜տ...

— Որ այդպես է, էլ ինչո՜ւ համար այդ ասացիք,— հիասթափվեց Զինան:

— Օրինակ էր, բերեցի էլի։ Բայց դուք կարող եք դատարան կանչել նրա կնոջը։ Մեղավորն իսկապես նա է: Յուր արգանդը աստված չորացրել է, ուրիշի բերքը խլեց: Օօ՜, չգիտեք ինչ օձ է։

— Սխալվում եք, Ելենա Գավրիլովնա, տիկին Լիդիան լավ կին է։ Ես այս ամեն տեղ կասեմ, ամեն տեղ․․․

Ելենան ցնցվեց այդ պաշտպանությունից, նա հակառակն էր սպասում լսելու։ Բայց շփոթվեց։

— Զարմանում եմ,— ասաց նա արհամարհանքով,— ինչպե՞ս կարելի է լավ անվանել մի կնոջ, որ ձեզ զրկել է ձեր հարազատ զավակից։

— Նա չի զրկել, ես ինքս եմ հրաժարվել իմ երեխայից։ Ի՜նչ բան է երեխան։ Աղքատի համար գլխացավանք։ Երբ ուզենամ, կարող եմ երեխա ունենալ, դա դժվար բան չէ։

— Ախ,— կեղծեց Ելենան, անգետ ձևանալով,— ես չգիտեի, որ դուք ինքներդ եք հրաժարվել։ Էհ, որ այդպես է, մնում է ձեզ լռել ու նստել ձեր տեղը։ Դուք մի կոպեկ էլ չեք ստանա ձեր զավակի ապագա ժառանգությունից։

Բայց արդեն հեռանկարն այնքան գրավիչ էր Զինային, այլևս լռել չէր կարող։

— Եթե կարելի լիներ առանց դատարանի մի գումար ստանալ, ասաց նա, հառաչելով, — ինչո՜ւ չէ, ես չէի հրաժարվիլ։

— Առանց դատարանի ոչինչ չեք կարող ստանալ։ Ուզում եք — փորձեցեք։ Շատ կարելի է եղբայրս ուզենա մի բան տալ, բայց կնիկը չի թույլ տալ։ Նա մինչև անգամ կստիպե եղբորս ձեր վզակոթին տալ ու դուրս անել։