չէ։ Միայն Պոլիկարպն ինձ խաբեց։ Բայց նա էլ վերջն էլ կգա, ոտքերս կընկնի։ Առայժմ այն անառակ Կատյայի ետեվիցն է ընկած։ Մի հատ խաղարկու տոմսակ ունե, այն էլ կփչացնի, կգա յուր Զինայի մոտ։ Գնաք բարով։ Այս օրերս ես կմտնեմ ձեզ մոտ և կասեմ, ինչ արի։
Ելենան գնաց։
VIII
Երբ նրանք դատարանի կոչնագիրը ստացան, կարդացին, առաջին պահ չհավատացին իրենց աչքերին։
Մոռացե՞լ էին նրանք Զինային, թե՞ միանգամայն հանգիստ էին, թե երբեք նա նրանց չի անհանգստացրել: Ոչ այս, ոչ այն. նախկին սպասուհու ուրվականը շարունակ կանգնած էր նրանց առջև։ Շատ բան էր սպասում Լիդիան Զինայից, բայց ոչ դատարան։
Ի՞նչ, նրան մեղադրում են «ուրիշի երեխան սեփականացնելու մեջ»։ Եվ ո՞վ է մեղադրողը։ Նա, որ ամենայն հանգստությամբ կամեցել էր շպրտել այդ երեխային փողոց և որ այնքան ուրախացավ, երբ մի բարի ձեռ հանձն առավ նրան ազատելու այդ ծանր բեռից: Եվ այժմ այդպիսի մի կին ետ է պահանջում այն, ինչից ազատվելու համար Լիդիայի փեշերն էր լզել: Եվ այժմ Լիդիան պիտի զրկվի՞ Սերժից։ Եվ այժմ ուզում են դաշույնի ծայրով դուրս գցլել նրա սիրտն ու դեն ձգել...
Լիդիան գունատվեց թղթի պես։ Նրա թևերն անզոր ընկան կողերին, ծնկները ծալվեցին։ Մեջքը կռթնելով պատին, նա ճիգն արավ խոսելու և միայն կարողացավ արտասանել խեղդված ձայնով.
— Ես կործանվեցի...
Մի քանի րոպե Գուրգենը ոչինչ չկարողացավ ասել։ Ամոթի զգացումը, սերը դեպի Լիդիան, սերը դեպի Սերժը, երկյուղը հասարակական դատից — մի վայրկյանում միացան իրարու և կաշկանդեցին նրա լեզուն:
Նա նստեց աթոռի վրա ընկճված, ոչնչացված, ձեռները հենած նրա կռնակին, և հայացքը բևեռեց հատակի մի կետին։
Այդպես, ուրեմն, նրան քաշում են դատարան: Եվ ոչ մենակ