— Խնդրում եմ հիշել օրենքի այն հոդվածը, ուր ասված է այդ մասին,— միջամտեց Սինոփյանը մի արհամարհական ժպիտ երեսին, դառնալով յուր հակառակորդին։
— Օրենքը իրավունք է տալիս կողմերին,— ասաց նախագահը,— առաջարկել ամեն տեսակ հարցեր, որոնք կարող են լուսաբանել գործը։ Միայն չպիտի դուրս գալ վայելչության սահմաններից,— ավելացրեց նա կծու հեգնությամբ,— համենայն դեպս, ձեր նկատողությունն անտեղի էր։ Օրենքների պաշտպանության հոգսը դատարանին է վերապահված։
Եվ, դառնալով Գուրդենին ու Լիդիային, ասաց․
— Մեղադրյալներ, պատմեցեք երեխայի սեփականացման հանգամանքները։ Որքան անկեղծ լինեք, այնքան կհեշտացնեք արդարադատության գործը...
— Ե՛ս կպատմեմ,— ասաց Լիդիան, որ արդեն ընտելացել էր յուր վիճակին և զգում էր անկեղծ լինելու անհաղթելի պահանջ։
Եվ պատմեց բոլորը, առանց մի կետ թաքցնելու, առանց իրեն հաշիվ տալու, որ այս կամ այն դարձվածը կարող է ազդել դատավճռի վրա։ Մերթ ընդ մերթ նրան ընդհատում էին դատախազն ու Զինայի պաշտպանը զանազան հարցերով։
Երբ նա ավարտեց, նախագահը դիմեց դատախազին․
— Գո՞հ եք մեղադրյալի խոստովանությունից։
— Այո՛։
Նախագահը շշնջյունով խորհրդակցեց աջ ու ձախ նստած դատավորների հետ, որոնցից մեկը մի հաստափոր, սպիտակ դեմքով տղամարդ էր, մյուսը մի հիվանդոտ երիտասարդ։ Երկուսն էլ իրանց գըուխը շարժեցին դրականորեն։
— Քննությունը վերջացած է, խոսքը պատկանում է կողմերի պաշտպաններին և ապա դատախազին,— ասաց նախագահը և թիկն տվեց բազկաթոռի մեջքին, մատիտը ձեռում խաղացնելով։
Եվ երկար ու կանխավ գրած ու անգիր արած ճառով Լազմանովը աշխատեց ապացուցանել այն, ինչ որ կարիք չկար ապացուցանելու — Զինայի հարազատ մայր Լինելը։ Բայց նրա գլխավոր նպատակն էր տալ մեղադրյալների բարոյական նկարագրին այնպիսի գույներ, որ հակակրանք ներշնչեին