ասածներից, ավելացրեց մի քանի դիտողություններ։ Խնայելով Լիդիային, չխնայեց Գուրգենին և նրա բարոյական պատկերը ներկայացրեց մռայլ գույներով։
Մեծ ուրախություն պատճառեց Սինոփյանին այն հանգամանքը, որ դատախազը չխոսեց Սերժին լուսավորչական մկրտելու մասին։ Նա ինքն էլ չխոսեց այս մասին և չխոսեց դիտմամբ։
Երբ դատախազը ավարտեց յուր խոսքը, նախագահը դարձավ Լիդիային և Գուրգենին.
— Մեղադրյալնե՛ր, արդյոք, կկամենանք ձեր վերջին խոսքն ասել։
— Ո՛չ,— ասաց Գուրգենը
— Ո՛չ,— կրկնեց Լիդիան։
Նախագահը ոտքի կանգնեց։
— Դատը ընդհատվում է տասը րոպեով։
Եվ հեռացավ։ Նրան հետևեցին մյուս երկու դատավորները։ Անցան Լիդիայի և Գուրգենի համար հավիտենականության չափ տասը րոպեները, նիստը նորից բացվեց.
Նախագահն ասաց.
— Դատարանը որոշեց, որ երեխան բերվի այստեղ։
— Ախ ոչ, ախ ոչ,— լսվեց Լիդիայի ձայնը, և նա թուլացած՝ ընկավ Գուրգենի ձեռների վրա։
Սինոփյանը շտապեց ջուր մատուցանել, և երկու հանդիսական փաստաբանների օգնությամբ, Լիդիային տարավ հարևան սենյակներից մինը։
XIV
— Պապա, ո՞ւր ես տանում ինձ,— հարցրեց Սերժը մի քանի անգամ, երբ կառքը նրանց սլացնում էր դատարան։
— Թատրոն ենք գնում, սիրելիս, թատրոն,— գտավ վերջապես Գուրգենր։
— Մամա՞ն էլ այնտեղ է։
— Այնտեղ է։
Եվ մեծ ճիգ գործ դրեց Գոլրգենը, որպեսզի չհեկեկա փողոցում, սեղմելով կրծքին յուր զավակին։