Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանր ուղղումներ ու փոփոխություններ։ Ուշագրավ է հատկապես վերջին նախադասության մեջ կատարված ուղղումը․ «Սամսոնը ամոթահար, հուսահատ և ուժասպառ ընկղմվեց անկողնակալի վրա, որ այսուհետև նրա համար պիտի դառնար ցուրտ գերեզման․․․»։ (1899 թ․)։ Այս նախադասության մեջ կատարված է հետևյալ փոփոխությունը, «Սամսոնը ամոթահար, հուսահատ և ուժասպառ թավալվեց անկողնակալի վրա, որ վաղուց էր նրա դագաղը և դարձավ նրա համար ցուրտ գերեզման»։

«Ո՞ՐՆ է ՄԱՅՐԸ»

Վիպակը գրվել է 1912 թ․ և նույն թվին էլ լույս է տեսել Շիրվանզադեի Երկերի ժողովածուի 4-րդ հատորում։ Հետագայում հեղինակը լեզվական աննշան շտկումներ է արել տեքստի մեջ և կատարել փոքրիկ հավելումներ։ Փաստաբան Լազմանյանի քաղաքական երկերեսանիությունը և կեղծ դեմոկրատիզմը ընդգծելու համար՝ նա 1930 թ․ Երկերի 3-րդ հատորում փոփոխել է հետևյալ նախադասությունը․

«Ուսանողության առաջին տարուց սկսած այդ մարդը տասն անգամ փոխել էր յուր հավատամքը։ Այժմ նա իրան համարում էր սոցիալ-դեմոկրատ, բայց հոգով, սրտով, վարք ու բարքով նա անփոփոխ էր»: (1912 թ․)։

Հետագայում, 1930 թ․ հեղինակը ընդգծված նախադասության փոխարեն գրել է նոր, ավելի արտահայտիչ նախադասություն՝ «․․․բայց բոլոր նրան ճանաչողները գիտեին, որ դա նոր ժամանակին հարմարեցված մի դիմակ է և որ նա հոգով անփոփոխ է»։

Բացի այդ, նկարագրելով Լազմանյանի արտաքինը և թափթփած ու կեղտոտ հագուստը, նա ավելացրել է հետևյալ պարբերությունը․ «Այդ անփութությունը հագուստի վերաբերմամբ գիտակցական էր։ Դրանով էր նա միամիտներին շնչում հավատ դեպի իր «դեմոկրատիզմը», լինելով ներքուստ հոգով ու մտքով բուրժուա, բառիս վատագույն իմաստով»։

Վիպակը տպագրվել է Շիրվանզադեի Երկերի հայերեն լույս տեսած բոլոր երեք ժողովածուներում և միհատորյակում, ռուսերեն լեզվով լույս է տեսել 1957 թ․ երեք հատորյակի երրորդ հատորում։ Տպագրվում է 1930 թ․ հրատարակության և 1939 թ․ լույս տեսած միհատորյակի տեքստերի հիման վրա։

ՀՐ․ ԹԱՄՐԱԶՅԱՆ