Մինչ ես տատանվում էի, Մակար տղան ծառայի միջոցով կանչեց ինձ յուր մոտ։ Վերջին ժամանակները նա սովորություն էր արել երբեմն ինձ կանչել յուր մոտ և զանազան բաների մասին հարց ու փորձ անել: Լինելով կասկածավոր բնավորության տեր, նա ուզում էր, որ ամեն բան իրան հայտնի լինի և այս պատճառով ինձանից շատ անգամ այնպիսի չնչին բաների մասին էր տեղեկություններ պահանջում, որ ես զարմանում էի։ Օրինակ, նա հարցնում էր, թե գիշերներն այս կամ այն ծառան ինչ է անում յուր սենյակում, վաղ է պառկում քնելու թե ուշ, քանի բաժակ թեյ է խմում, ինչքան անգամ է օրը հաց ուտում և այլ այսպիսի մանր-մունր բաներ։
Մակար աղան թեյ էր խմում։ Ես գլուխ տվեցի նրան և կանգնեցի դռների մոտ, ձեռներս դարսելով կրծքիս։
— Հըմ, ի՞նչ կա, ինչ չկա, պարոն Խաչի։
Վերջին ժամանակները Մակար աղան սովորություն էր արել ուրախ ժամանակին ինձ հետ խոսելիս «պարոնը» կպցնել իմ անվանը մի տեսակ մեղմ հեգնությամբ։
— Ձեր հրամանոց առողջությունը, Մակար աղա,— պատասխանեցի ես, գլուխս համեստությամբ խոնարհեցնելով։
— Այսօր ես մինչև երեկո մագազինում չեմ եղել, ի՞նչ են արել գործակատարները։
— Ինչ պետք է անեին, մի՞թե չգիտեք, թե ձեր հրամանքը մագազինում չեղած ժամանակը ինչ են անում նրանք։
— Հըմ, խոսիր տեսնենք...
— Մի այնպիսի բան չկա։ Ուզում եմ միայն ասել, որ երբ դուք մագազինում չեք լինում, առհասարակ գործակատարները շատ էլ խելոք չեն պահում իրանց,— պատասխանեցի ես, գլուխս ավելի քաշ գցելով, իբրև թե խիստ ամաչում եմ Մակար աղայից։
— Գիտեմ ինչպես են պահում իրանց։ Երբ ես այնտեղ չեմ լինում, համարվում են միասին և ռեխները ծռած սովբաթ անում, իսկ մուշտարիները գալիս են ու դատարկ հետ գնում։
— Դատողություններ են անում, աղա, խելքներին զոռ են տալիս:
— Հա՞ա , հապա ասա տեսնենք, ինչի՞ մասին են դատողություններ