Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսակի միջոցներ, թեկուզ այդ միջոցները լինեին ստոր և անազնիվ։ Ես տեսնում էի, որ ուղիղ ճանապարհով դժվար է հասնել այն նպատակին, որի իրագործումը մի անգամ ընդմիշտ պիտի ապահովեր իմ կյանքը։ Ուրեմն, ինչո՞ւ չգնալ ծուռ ճանապարհով, քանի որ կարող եմ հասնել բախտավոր և նախանձելի ապագայի։ Գործի՛ր, Խաչի...

VII

Անցան մի քանի ամիսներ հիշյալ միտքն իմ մեջ հղանալու օրից։ Մի օր Մակար աղան ինձ կանչեց դարձյալ յուր առանձնասենյակը։

— Խաչի,— դարձավ նա ինձ,— դու պիտի վաղը ճանապարհ ընկնես Բաքու և այսուհետև կծառայես այնտեղ, իհարկե, էլի մեր գործերում։ Կգնա՞ս։

— Ինչպես կարող եմ համարձակվել ձեր հրամանը չկատարելու, թեկուզ դժոխք էլ ուղարկեք, դարձյալ պատրաստ եմ գնալու, միայն թե ձեր հրամանը կատարվի։

— Շատ ապրես, որդի, վատ տղա չես, Խաչի, և հենց դրա համար էլ ուզում եմ քեզ և ոչ ուրիշին ուղարկել։ Դու այնտեղ կլինես իմ եղբոր — Աբրահամ աղայի — ձեռքի տակ և պիտի կառավարես այնտեղի բոլոր մեր գործերը, մյուս գործակատարները քո ձեռքի տակ կլինին: Լսո՞ւմ ես։

— Շատ շնորհակալ եմ, աստված ձեր հարստությունը հազար անգամ ավելացնի։

— Այդ պաշտոնը մեծ պաշտոն է հա, դու պետք է շատ զգույշ լինիս նրանում։ Բաքվի գործերն այստեղի գործերի նման չեն։ Դու պետք է կառավարես նավթային հանքերը, ֆոտոգենի գործարանը, գրասենյակն և, բացի դրանից, մեր նոր շինություններին էլ հսկես։

— Կաշխատեմ ամոթալի չմնալ։

— Մտիկ արա, լավ ծառայիր, եղբայրս էլ ինձ նման բարկացող և խստաբարո մարդ է, նա էլ, ինչպես ես, չի սիրում յուր ասածը կրկնել։ Դու պիտի այնպես վարվես նրա հետ, որ նրան չբարկացնես, եթե ոչ քեզ մի օր անգամ չի պահիլ: