նրանց խոսակցության նյութը լինում էին աղա Գուլամյանցների ընտանեկան և առևտրական գործերը։ Ճրագը հանգցրել էի, որ գոնե մութ տեղ կարողանամ քնել, բայց իզուր — քունը ինձանից փախչում էր։ Ճարահատյալ, ժամանակս անցկացնելու համար, ականջս դեմ տվեցի տախտակի միջնապատի ճեղքերից մեկին և սկսեցի լսել ծառաների խոսակցությունը։ Անօգուտ բան չէր:
— Ինչ ուզում ես, ասա, Գալուստ, Խաչին շատ խորամանկ տղա է:
Լսելով անունս, շատ հետաքրքրվեցի և, ականջս ավելի մոտ սեղմելով ճեղքին, շունչս հավաքած, սպասում էի, թե ինչ են խոսելու իմ մասին։
— Բայց Թամար խանումը այնպիսի աղջիկ չէ, որ շուտ խաբվի,— ասաց ծառաներից մեկը։
— Ինչքան էլ խելոք լինի, Խաչիի ձեռքից չի կարող պրծնել։
— Ես էլ չեմ հավատում, որ դրուստ է ասածդ։
— Չես ուզում, մի հավատար, բայց ամբողջ քաղաքն է խոսում այժմ։ Մի քանի ամիս սրանից առաջ դու ինքդ տեսնում էիր, թե քանի տեղերից էին առաջարկություններ անում, այժմ ոչ ոք չի ուզում մոտենալ։ Հենց սրանից կարող ես իմանալ, որ ամենը, ինչ որ խոսում են, ճշմարիտ է։ Չէ, անիրավը խեղճ աղջկա անունը լավ խայտառակեց քաղաքում։
— Թեկուզ ամբողջ աշխարհը խոսի, ես էլի չեմ կարող հավատալ։ Թամարին ես լավ եմ ճանաչում, նա այնքան զգույշ աղջիկ է, որ հազար Խաչիներ միասին հավաքվելով, չեն կարող նրան խելքից հանել։ Ես կարծում եմ, որ այդ սուտ լուրն ինքը Խաչին է տարածել։
— Ի՞նչ օգուտ ունի Խաչին այդպիսի սուտ լուրեր տարածելուց։
— Ինչ օգո՞ւտ։ Այ լսի՛ր. Խաչին Թամարի համար հոգի է տալիս, բայց շատ լավ գիտե, որ ռեխը բան չի ընկնիլ: Ահա նա լուր է տարածել, թե իբր Թամարը սիրահարված է յուր վրա, իբր վաղուց արդեն պաչպչվում են և այլն, հասկանո՞ւմ ես, էհ, քաղաքը կիմանա այս բանը, էլ ո՞վ կմոտենա խեղճ աղջկան։ Աղա Գուլամյանցները կտեսնեն, որ իրանց աղջկա