— Ապրե՛ս, Պետր Ստեփանիչ, Գասպարն արժե, նա խեղճ, կորած, մոլորված մարդ է։
Լսվեց կայարանին մոտեցող շոգենավի սուլոցը։ Ամբոխը սկսեց հրելով մոտենալ կայարանի եզրին։ Շոգենավը, շվշվալով, շոգին կողքերից բաց թողնելով և խարիսխների շղթաները զրնգացնելով, մեղմիկ սահում էր առաջ։
Պետր Ստեփանիչը յուր որոնող հայացքը ձգեց տախտակամածի վրա, բարձրանալով ոտների ծայրերի վրա։ Այնտեղ նա նկատեց ճամփորդների մի խմբակ, բաղկացած երեք հոգուց։ Մեկը միջահասակ, մոտ քառասունուհինգ տարեկան կին էր եվրոպական հագուստով, գլուխը սև շալով փաթաթված։ Մյուսը 23—24 տարեկան մի երիտասարդ էր բարձր հասակով, սև, փոքրիկ միրուքով, համակրելի դեմքով և բավական մեծ քթով։ Երրորդը մի օրիորդ էր ամառային բաց գույնի հագուստով և հարդյա դեղնագույն լայնեզր գլխարկով։ Սա կլիներ մոտ 25 տարեկան, բարձրահասակ էր, դեմքի բավական նուրբ գծերով, ոչ այնքան գեղեցիկ, որքան սիրուն և համակրելի։
Պետր Ստեփանիչը Սերգեյ Իվանիչի ուղեկցությամբ դիմավորեց նրանց։ Երկուսն էլ, հերթով նորեկներին բարևելուց հետո, շտապով վերցրին մի-մի կտոր ճանապարհային իրեղեններից և իջան կայարան։
— Բաս ի՞նչտեղ է Կարլ Մարկիչը,— հարցրեց պառավ կինը։
— Գործարանումն է, շուտով կգա, ես ցույց կտամ բնակարանը, կառքս սպասում է ձեզ,— պատասխանեց Պետր Ստեփանիչը քաղաքավարությամբ, մի դիտող հայացք ձգելով օրիորդի վրա։
Սերգեյ Իվանիչն արմունկով բոթեց նրան և զգուշությամբ շշնջաց նրա ականջին.
— Լուսնյակ է. մուշտարու աչքով մտիկ արա։
— Կատերինա Կարլովնա, շա՞տ է նեղացրել ձեզ ծովը,— դիմեց Պետր Ստեփանիչն օրիորդին։
— Օ՛խ, օխ, էլ մի հարցնիր, ցավդ առնեմ, մեր ոսկորները փշրտել է, պատասխանեց մայրն աղջկա փոխարեն։
— Մամա, ի՛նչ ես ասում, ինձ չի նեղացրել ծովը, նա