Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքը մի ինչ-որ անախորժ, ինչ-որ զզվելի, վավաշոտ արտահայտություն էր ստանում։ Օրիորդը, կարծես, այդ չէր նկատում և անտարբերությամբ խոսում էր նրա հետ։ Սակայն երբ մի անգամ Պետր Ստեփանիչը շարունակ նայեց նրա երեսին և բոլորովին անտեղի և անժամանակ ժպտաց, գլուխը թեքեր դեպի կուրծքը, և նրա դեմքը թեթև կարմրեց։

Մարիա Իվանովնան դիմեց յուր որդուն.

— Վազի՛ր Արտեմ, շուտով ապրանքը հավաքիր շոգենավից ու բեր։

— Իսկ դուք, Կատերինա Կարլովնայի հետ գնանք ինձ մոտ ճաշելու,— մեջ մտավ Պետր Ստեփանիչը։

Մարիա Իվանովնան համաձայնվեց, և Դոլմազովը, յուր տան հասցեն տալով Արտեմ Կարլիչին և նրանց հետ միասին կառք նստելով, շտապեց տուն։

Իրիկնադեմ էր, երբ նորեկները ճաշելուց հետո կրկին վերադարձան իրանց բնակարանը։ Արտեմ Կարլիչը բոլոր իրեղենները արդեն բերել էր։ Նրանք սկսեցին կարգի բերել իրանց բնակարանը։ Մարիա Իվանովնան յուր որդու հետ պատրաստում էր վերջին սենյակը, իսկ Կատերինա Կարլովնան նույնպես պատրաստում էր յուր սենյակը Պետր Ստեփանիչի օգնությամբ։ Չնայելով օրիորդի թախանձանքին, որ նա նեղություն չքաշի աշխատելու ու գնա հանգստանալու, հոգատար Պետր Ստեփանիչը քայլ անգամ չէր ուզում հեռանալ օրիորդից և ոտքի-ձեռքի ընկած մեծ պատրաստակամությամբ օգնում էր նրան։ Հետզհետե Կատերինա Կարլովնան սկսեց ձանձրանալ նրա օգնությունից։ Պետր Ստեփանիչն այնքան չէր օգնում, որքան յուր ծանր ու խոր հայացքներով և՛ անտեղի քաղցրախոսությունով ձանձրացնում էր օրիորդին։

Կատերինան այդ հայացքներն ընդունում էր իբրև սովորական քաղաքավարության արտահատություն երիտասարդի կողմից դեպի մի օրիորդ, բայց երբ Պետր Ստեփանչը սկսեց անցնել սովորական չափավորության սահմանը, այն րոպեից օրիորդի սրտում ծագեց ինչ-որ կասկած։ Պետր Ստնփանիչի ներկայությունը սկսեց նրան ճնշել, և նա աշխատում էր խույս տալ նրա հայացքներից։

Պատահեց մի դեպք։ Կատերինա Կարլովնան յուր