Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կառքերն ու ձիերը ծախվեցին։ Կինը ամաչում էր տնից դուրս գալ կամ հյուրեր ընդունել։

Ագրինցևն երբեմն կանգնում էր իր անցյալ փառքի դռների առջև և ձեռքով ինչ-որ սպառնալիքներ ուղարկում դեպի մեր կողմը։ Ես դեռ վախենում էի նրանից, և այժմ ավելի, քան առաջ։ Հուսահատությունը սարսափելի է, պարոն։ Ահա՛ ինչու չէի կարողանում խղճալ այդ մարդուն։

Խղճա՞լ, ոչ, նա շատ էր անարգել մեզ։ Մի օր Շմուլ Մոզերն ասաց.

— Այզելման, մենք արդեն վարձատրված ենք։

— Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրի ես։

— Ագրինցևը խանութը փակում է վաղը։

— Տեսնում եմ։ Հետո՞։

— Նա կորած է։ Անցյալ շաբաթ մեր սինագոգը շուն գցոդների մեջ տեսել են և՛ Ագրինցևին։

Այդ արդեն ես չգիտեի։

Անցավ կես տարի ևս։ Ագրինցևը չքացել էր ասպարեզից։ Բայց մենք նրան չէինք մոռացել, և ինչպե՞ս կարող էինք մոռանալ մի մարդու, որ դեռ մի քանի տարի առաջ առաջնակարգ քաղաքացիների շրջանումն էր։ Իսկ ա՞յժմ... այժմ, ով գիտե, ո՞ւր։ Մի օր, հարգելի պարոն, պատահեց հետևյալը։ Մադմուազել և դուք, պատանի պարոններ, լավ լսեցեք, զվարճալի է։ Որքան շատ են տանջվում ծնողները, այնքան պիտի խելոքանան զավակները։ Հենց այս է պատճառը, որ հրեան ծեր է և խոհեմ օրորոցից սկսած։

Այո, պարոն, պատահեց այն, որ ես ամբարտավանությունը ցեխի մեջ տեսա։

Նստած էի մագազինումս։ Շմուլն ու գործակատարների մի մասը գնացել էին ճաշելու։ Հանկարծ դռների առջև հայտնվեց մի մարդկային կերպարանք։ Այնքան այլանդակ էր նա, որ ես առաջին րոպեին չճանաչեցի։ Կարծեցի թափառական մուրացկաններից է, որոնց դեմքը հարատև սովը այնքան աղավաղում է։

Հարգելի պարոն, ես եղել եմ Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, ճանաչում եմ Ռուսիայում կենող բոլոր ազգությունները և կարող եմ ասել, որ ոչ մի ազգ այնքան շուտ չի