Բերի ուսումնարան և հպարտ-հպարտ ցույց տվեցի վարժապետիս:
Սարգիս վարպետը առաջ մի կուշտ ծիծաղեք։ Բարի մարդ էր։ Բոլոր աշակերտներն էլ ծիծաղեցին։ Ես ապուշ-ապուշ նայում էի սրա նրա երեսին։
Հանկարծ Սարգիս վարպետը կատաղեց։ Նա հրամայեց բաց անել առաջ մի, հետո մյուս ձեռիս ափը և սկսեց քանոնով տուր թե որ կտաս։
Լավ էր, որ քանոնի տափակ կողմովն էր զարկում և ոչ սուր կողմով։ Այնուամենայնիվ, ձեռքերս սաստիկ ցավեցին: Ես լաց եղա։
— Անիրավ,— ասաց Սարգիս վարպետը,— ես քեզ երեկ ասացի, որ դասդ ջուր անես, այսինքն՝ անգիր անես ջրի պես, իսկ դու տարել ես գիրքդ թրջել ու բերե՞լ։ Դե լավ, քիչ տըզա՛, դու դասագիրքդ ես ջուր արել, ես էլ քո աչքերը ջուր արի։ Տես, մյուս անգամ ասածս լավ հասկացիր։ Եվ դուրս բերելով գրպանից մի մեծ գույնզգույն թաշկինակ, սրբեց աչքերիս ջուրը, այսինքն՝ արտասոըքր։
Երկար, շատ երկար ժամանակ աշակերտները չէին մոռանում իմ արածը և միշտ ծաղրում էին ինձ։
Սարգիս վարպետը բողոքական էր։ Նա մինչև անգամ ինքն էր առաջին անգամ բողոքականություն ընդունել հայերի մեջ։ Իսկ իմ ծնողները լուսավորչականներ էին։
Մեր ծխական քահանան, Տեր-Սահակը, ատելով ատում էր բողոքականներին։ Նա միշտ իմ մորը հանդիմանում էր, որ ինձ տվել է բողոքականների և ոչ լուսավորչականների ուսումնարան։ Իսկ մայրս թեև տգետ կին էր, բայց հասկանում էր, որ բողոքական, լուսավորչական, թե կաթոլիկ միևնույնն է, բոլորն էլ մարդիկ են։
— Միայն թե իմ երեխան ուսում ստանա, ասում էր նա տեր-հորը։
Բայց և այնպես ես երկար չմնացի Սարգիս վարպետի մոտ։ Մայրս ինձ դուրս բերեց և հանձնեց Տեր-Ավանեսի դպրոցը: