Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանգնում էր ձեռքերի վրա, գլուխը դուրս էր բերում ոտների արանքով և ասում.

— Փի՛շ, փի՛շ, փի՛շ, փի՛շ:

Նա սիրում էր սրան-նրան խտղտել կամ կմշտել: Հակառակի պես միշտ իմ կողքին էր նստում և դասի ժամանակ շարունակ կմշտվում էր ինձ։ Առանց այդ էլ ով ասես, ինձ կմշտում էր, որովհետև մանուկ ժամանակս ես բավական հաստ էի։

Մի օր Ավետը ինձ այնպես պինդ կմշտեց, որ ես գոռացի,

— Վա՛յ, վա՛յ։

— Ի՛նչ պատահեց,— հարցրեց Տեր-Ավանեսը, երկայն ճիպոտը բարձրացնելով։

— Ճանճը կծեց ականջս,— պատասխանեցի ես։

Բանն այն է, որ ես վախեցա մատնել Ավետին։ Նա կարող էր փողոցով անցնելիս ինձ մի լավ ծեծել, որովհետև ինձնից մեծ էր և ուժեղ։

— Ճանճի կծելով կարելի՞ է արջի պես բղավել,— կատաղեց Տեր-Ավանեսը։

Բարեբախտաբար այդ օրը մենք խնձորի տոլմա ունեինք և տեր-հայրն արդեն յուր բաժինը ստացել էր, նա ինձ չծեծեց։

Երբեմն Տեր-Ավանեսը գալիս էր մեր տուն։ Ամեն անգամ «պահպանիչ» էր ասում։ Հետո գովում էր իմ ժրությունը և աշխատասիրությունը։ Մայրս նրան հյուրասիրում էր ջեջի оղիով և մուրաբաներով։

Ծիծաղս գալիս էր, երբ Տեր-Ավանեսը մուրաբա էր ուտում։ Շատ անգամ ձմերուկի մեղրոտ կճեպը կամ վարդի տերևները ընկնում էին նրա երկայն մորուքի վրա և հետո սահում դեպի փարաջեն։ Մի անգամ ընկույզի մուրաբայի հետ երկու ճանճ կուլ տվեց առանց իմանալու։ Եվ կարծում եմ այս էր պատճառը, որ մյուս օրը նա մի լավ ծեծեց երկու աշակերտի, որ ճանճերի հետ խաղում էին։

Առհասարակ, հանգուցյալը համ լավ ուտում էր, համ էլ լավ ծեծում։