սպասում էի, երբ պիտի տատս պատմի յուր վերքի մասին։ Բայց նա շարունակ հետաձգում էր յուր պատմությունը։ Երբեմն, երբ ես շատ էի թախանձում, բարկանում էր վրես։
Չմոռանամ ասել, որ այդ կինը յուր որդու պես մռայլ էր և խստաբարո։ Նա միշտ տխուր էր։ Ասեմ դրա պատճառը քանի միտս է։ Նա ուներ երկրորդ որդի, որ իմ հորեղբայրն էր։ Այդ մարդը, որի անունն էր Հարություն, շատ սանձարձակ էր, ծույլ, շռայլ և արբեցող։
Ամեն գիշեր նա թափառում էր գինետներում, կռվում սրա ու նրա հետ, ծեծում, ծեծվում։
Տատս նրան սիրում էր անչափ և միշտ աղերսում էր նրան թողնել գինետները, վատ ընկերներին և դառնալ բարի, աշխատասեր մարդ։ Ոչինչ չէր оգնում։
Ամեն գիշեր տատս հատակի վրա դնում էր մի սիսեռ և ասեղի ծայրով մի կլոր շրջանակ գծում նրա շուրջը։
— Տատ, այդ ի՞նչ ես անում,— հարցրի ես մի անգամ։
— Հորեղբորդ պահպանում եմ փորձանքներից։
— Ուրեմն, սիսեռը հորեղբայրս է։
— Այո, իսկ այս շրջանը նրա պահապանը։
Ասաց տատս և սկսեց երեսը խաչակնքել ու աղոթել:
Մի երեկո նա, վերջապես, զիջեց իմ թախանձանքին և համաձայնվեց պատմել յուր կողքի վերքի մասին։
— Օհ,— ասաց նա,— քեզնից ազատվել չի կարելի։ Նստիր և ականջ դիր։
Եվ նա, մի պտղուց քթախոտ քաշելով, փռշտաց մի քանի անգամ և ահա թե ինչ պատմեց…
— Աիրելի թոռնիկս,— այսպես սկսեց տատս իր պատմությունը, մազերս շոյելով յուր չորացած և պողպատի պես ամուր մատներով,— դու գիտես, որ ես բացի երկու որդուց, ունիմ չորս աղջիկ։