Օօ՜ ոչ, նա ճանաչված է որպես առաջնակարգ որսորդ։ Նա կարող է հարյուր քայլի վրա ատրճանակից կրակել խնձորի ծառի վրա որ խնձորը կամենաք, կամ թռցնել ծտի կտուցն ու պոչը։
— Եթե կտուցն ու պոչը թռցնես, տակը ի՞նչ կմնա,— նկատեց Պաստուխովը, կես-հեգնորեն, կես-ներողամտարար ժպտալով։
— Իհարկե, բայց, այնուամենայնիվ, որ տեղին ուզենամ այն տեղին էլ կզարկեմ։
Գալով մարդկանց, դեռ երեք ամիս չկա, որ Ալթունովը մի ինչ-որ գերմանացի բարոնի մենամարտության կանչեց Բաթումում։ «Գարշելին» երկչոտությամբ մերժեց։
— Հետո դուք ի՞նչ արիք այդ անպիտանին,— հետքրքրվեց Պաստուխովը, նայելով իր երկայն ընչացքի ծայրերին և սրելով նրանց։
— Այն, ինչ որ դուք կանեիք. օրը ցերեկով փողոցում մի լավ ծեծեցի մտրակով։
— Այդպես էլ հարկավոր էր,— տվեց Պասաուխովն իր հեղինակավոր հավանությունը։
— Թույլ տվեք հարցնել. ի՞նչ պատճառով էիք այդ վախկոտին մենամարտության կանչել— հարցրեց Տարաշչենկոն խավիարի պատառը բերնում։
— Մի դերասանուհու պատճառով։
— Բրավո, ձեր կենացը։
— Կապիտան, ես բրավո չեմ ասիլ,— ասաց Պաստուխովը, ունքերը կիտելով,— դերասանուհիները չարժեն մեր արյան կաթիլներին անգամ: Նրանք չափազանց շատ են սիրում ծաղիկներ և կոնֆետներ։
— Բայց ես ուրիշ բաների համար էլ եմ ուզեցել մենամարտել,— շարունակեց Ալթունովը, ավելի ոգևորվելով,— օրինակ, սրանից երկու տարի առաջ պապիցս ժառանգած ատրճանակի մի գնդակ խրեցի մեկի կուրծքը:
— Ինչո՞ւ։
— Անասունը հանդգնել էր իմ մոտ յապոնացիների քաջությունը փառաբանել և մերոնց ծաղրել։
— Ռեխը պիտի ջարդեիք,— մռնչաց Պաստուխովը, մի ուժգին շարժումն անելով։