— Խորամանկ արմյաշկա է, իր թթված գինով ուզեց մեզ կաշառել,— ասաց Պաստուխովը, հրացանը ուսին ձգելով։
Ես քնից նոր արթնացած ձևանալով իջա ցած։
Ալթունովը երջանիկ տրամադրության մեջ էր։ Մեջքի վրա պառկած, ոտքերը դիմացի պատիկին հենած, ծխում էր ու ինչ-որ քթի տակ մրթմրթում, իբր թե երգում է։ Նրա մուգ դեմքը կարմրել ու կապտել էր, խոշոր աչքերը լցվել էին արյունով, պարանոցի երակները փքվել էին։
— Ա՜հ,— գոչեց նա,— դուք զարթնեցի՞ք։ Վերջապես ազատվեցի այդ սոխերից։ Կերան, խմեցին, կորան։ Ափսոս արթուն չէիք. պետք է տեսնեիք, թե ինչ կատարվեց այստեղ։ Ես այդ խրտվիլակների գլխին մի լավ խաղ խաղացի, երբեք չեն մոռանալ։
Եվ նա պատմեց իր խաղը։ Բանից դուրս եկավ, որ իմ տեսածներն ու լսածները երազ էին։ Հյուրասիրելով սպաներին, նա «բավական քանակությամբ» թույն է ածել ուտելիքների և ըմպելիքների մեջ։ Նա ոչ միայն չի թաքցրել իր ատելությունը դեպի զինվորականությունն առհասարակ, այլև սաստիկ նախատել է նրանց, որ այդքան վայելուչ պաշտոնների ու արհեստների մեջ «արյան դաշտն են իրանց կյանքի համար ասպարեզ ընտրել»։ Նա պարսավել է Ռուսիայի արտաքին ու ներքին քաղաքականությունները, այժմյան ռեակցիան, փոքր ազգերի հալածանքը և այլն, և այլն։ Նա պաշտպանել է ժողովրդի իրավունքները, պետական դումայի անձեռնմխելիությունը, մամուլի կատարյալ ազատությունը և հազար ու մի այդպիսի ազատամիտ բաներ։
— Գիտեք,— ավարտեց Ալթունովն իր խոսքը, ոտքի կանգնելով,— երևակայել չեք կարող, թե նրանք ինչպես ամաչեցին։ Նրանք ոչինչ չկարողացան ասել։ Նրանք մինչև անգամ համաձայնվեցին ինձ հետ և ցավ հայտնեցին որ, լինելով պետական ծառայության մեջ, չեն կարող համարձակ խոսել։
Ես, իհարկե, ձևացրի, թե հավատում եմ Ալթունովի ասածներին։ Չէ՞ որ ես քնած եմ եղել, ոչինչ չեմ լսել ու տեսել։
Հաջորդ կայարանում մեր կուպեն մտան երկու ինչ-որ թուրքեր մի-մի դաշույն մեջքներին կապած։
Մեկը նրանցից շիկահեր երիտասարդ էր սափրած երեսով։