ամենից առաջ։ Ես կարող եմ թուրքերին ավելի սիրել, քան իմ հայրենակիցներին։ Այնպես չէ՞, Ալլահյար-բեգ, մեկը մյուսին չի խանգարում։
— Չի խանգարում,— պատասխանեց ծերունին ուսերը տարակուսանքով վեր քաշելով,— բայց ես կարծում եմ, որ ամեն մարդ պարտավոր է նախ և առաջ իր միլլաթը սիրել, հետո ուրիշներին։ Բացի դրանից, ես կարծում եմ, որ քրիստոնյան մահմեդականին չի կարող սիրել այնպես, ինչպես իր կրոնակցին։
— Ո՛չ, ոչ, սխալվում եք, բեգ,— գոչեց Ալթունովը, միանգամայն հափշտակվելով,— կարող է սիրել և շատ ավելի։ Խոսքս, իհարկե, պատրիոտների մասին չէ, խոսքս օրինավոր մարդկանց մասին է: Մեկը հենց ես, ձեր խոնարհ ծառան։ Երդվում եմ պատվովս, որ ես թուրքերին ավելի համակրելի, ավելի վեհանձն, ավելի ասպետ, ավելի անշահասեր ժողովուրդ եմ համարում, քան հայերին, վրացիներին և ռուսներին։
— Այդ լավ եք խոսում,— դարձյալ համառեց ծերունին,— բայց երբ որ մի թուրք է մեռնում, դուք էլ երևի ձեր հայրենակիցների պես, չեք ասում «մեռավ», այլ «սատկեց»։
— Բե՛գ, աղաչում եմ, մի՛ վիրավորեք իմ զգացումները,— գոչեց Ալթունովը, հանկարծակի միանգամայն հրավառվելով, ինչպես զտված բամբակ,— մի համարեք ինձ մեկն այն տխմարներից, որոնք իրենց քթից հեռու բան չեն տեսնում։ Ձեզ հետ մարդ է խոսում և ոչ անասուն։
— Գիտեմ, որ մարդ եք, իսկական մարդ, այդ երևում է ձեր շիր ու շնորհքից։ Բայց ասացեք խնդրեմ, մի թե դուք մեզ կեղտոտ ու հոտած ժողովուրդ չեք համարում։
— Ե՞ս, ձե՞զ, քավ լիցի։ Ես շատ լավ գիտեմ, որ մահմեդականներն առհասարակ անհամեմատ ավելի մաքրասեր են, քան բոլոր քրիստոնյա ազգերը։ Ասացե՛ք, խնդրեմ, ո՞ր ազգի կրոնն է պատվիրում ամեն անգամ, գիտեք, այն բանից հետո, բաղանիք գնալ և լվացվել։ Ոչ մի ազգի կրոնը, ոչ մի ազգի։ Իսկ սրբազան ղուրանը հրամայում է։ Բացի դրանից, դուք առավոտ-երեկո նամազ անելիս ձեռքներդ ու ոտքներդ լվանում եք, իսկ մենք քրիստոնյաներս, հազար ու մի կեղտոտ բաների դիպչելով, ձեռքներս ապականում ենք, հետո մտնում