Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեղանատանը. սինյորա Ստեֆանիան և Բորելլին պաշտպանեցին մորը, իսկ մյուսները՝ որդուն։ Ռաիսան ասաց․

— Մեզ՝ հրեաներիս, համարում են նյութապաշտ։ Ես դեմ չեմ, ճիշտ է. բայց, հավատացեք, ոչ մի հրեա, մանավանդ հրեուհի յուր որդու վերաբերմամբ այդ քրիստոնյա կնոջ չափ նյութամոլ չէր լինի: Հրեան խելոք կերպով է հարստահարում յուր որդուն: Եթե յուր որդու մեջ տեսնում է երաժշտական կամ երգելու ձիրքը, աշխատում է հենց այդ ձիրքը շահագործել: Նա չի ստիպում նրան արհեստավոր կամ վաճառական դառնալ:

Երկու անգամ Լևոնն իմ ներկայությամբ լաց եղավ, երբ մայրը հանդիմանում էր նրան իբրև «անպետք» զավակի։ Նա փաթաթվեց մոր պարանոցին, գոչելով․

— Մա՛մա, մա՛մա, մի՛ բարկանալ, ես քեզ սիրում եմ:

Օ՜օ, ո՛չ, այդ պատանին չէր կեղծում։ Նա սիրում էր մորն անչափ, և այս նրա դժբախտության պատճառներից մեկն էր։

— Կարելի՞ է,— լսեցի մի առավոտ դռների հետևից Լևոնի ձայնը, երբ դեռ անկողնից չէի վեր կացել։

Ուրախությամբ հրավիրեցի նրան ներս։ Նա գլխաբաց էր, երեսն անլվա, աչքերի սպիտակուցները դեղնած, մազերը գզգզված, դեմքը մագաղաթի պես գունատ։ Կռնատակին պահած էր մանդոլինան և այնպես ամուր սեղմած, որ, կարծես, վախենում էր ձեռքից խլեն։ Նրա բաճկոնի կոճակները բաց էին, փողկապ չուներ, շապկի եզրերը բաժանվել էին և երևան էին հանում նրա նիհար կուրծքը։ Ծնկների վրա կուչկուչված վարտիքի ծայրերը բարձրացել էին, երևում էին կոշիկների ականջները։

— Ներողություն, սինյոր,— ասաց նա, ցրված հայացքը պտտեցնելով չորս կողմը,— կարծում էի՝ վեր եք կացել։

Ես շտապեցի նրան հանգստացնել, թե հենց վեր էի կենում, երբ եկավ։ Նա խնդրեց թույլ տալ իրան կես ժամ մնալու իմ սենյակում։ Ոչ միայն կես ժամ, այլ միշտ, երբ կամենար և որքան կամենար, կարող էր օգտվել իմ սենյակից։ Բայց այս անգամ ինձ շփոթեցրեց նրա այլայլված կերպարանքը։