Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց ասում են, որ ամբողջ օրը դուք կերակուր չեք ընդունել:

— Քաղց չեմ զգում ամենևին:

— Չե՞ք ծխում։

— Ոչ:

— Շատ բարի: Թույլ տվեք նստել ձեզ մոտ, գուցե հարկավոր լինի իմ օգնությունը: Օ՜օ, ոչ, ես ձեզ չեմ ձանձրացնի իմ հարցերով պատերազմի մասին, ձեզ հանգստություն է հարկավոր:

Եվ անծանոթը նստեց սեղանի քով դրած աթոռի վրա։

Լեոնիդը զղջաց իր մերժման մասին, կարծելով որ դրանով վիրավորեց անծանոթին, որի հագուստից, դեմքից, ձևերից զգացվում էր, որ գթության քույրերից չէ և ոչ էլ մի հասարակ աղջիկ։ Բայց իրավ որ նրան ոչինչ հարկավոր չէր։ Ոչինչ, բացի մի հատիկ նամակից, որի բովանդակությունը կլանել էր նրա հոգին ու միտքը ամբողջովին։ Ահ, չխնդրե՞լ, արդյոք, այդ աղջկան հանձն առնել նրա սրտի թարգմանը լինելու Իրինայի առջև։ Նա այնքան պարզ ձևով է առաջարկում իր օգնությունը, նրա համակրելի ձայնի մեջ, նրա համեստ ու գունատ դեմքի վրա, նրա խոշոր, սև աչքերի խորքում այնքան անկեղծություն, այնքան կարեկցություն կա, որ հազիվ թե Լեոնիդը ծաղրելի թվա նրան իր զգացումներով դեպի Իրինան։

— Օրիորդ,— որոշեց նա, վերջապես, երկար տատանվելուց հետո,— ես մի բան կկամենայի խնդրել, չգիտեմ որքան հարմար է։

— Պարոն սպա, ձեր դրության մեջ ներելի չէ լինել չափազանց նրբատես։ Հրամայեցեք։

— Գիտեք, ես ուզում եմ մի նամակ գրել, շատ կարևոր է, բայց, ինչպես տեսնում եք, անկարող եմ։

— Իսկույն,— ասաց օրիորդը և անմիջապես չքացավ։

Երկու րոպե չանցած, նա վերադարձավ, բերելով թուղթ, գրիչ և թանաք։

— Թելադրեցեք, ես պատրաստ եմ,— ասաց նա, նստելով իր տեղը։

Բայց Լեոնիդը, շնորհիվ իր համեստության, մի անգամ ևս տատանվեց։