Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրան հազար ու մի ավելորդ ենթադրություններով, երբեք մի թաքցնեք նրանից ոչ մի ճշմարտություն, գիտեք, ոչ մի ճշմարտություն, որքան ևս դառն լինի նա։

— Ձեր նշանածը գրո՞ւմ է ամեն ինչ։

— Գրում է և պիտի գրե։

— Իսկ եթե չգրե։

— Կգուշակեմ ինքս և ավելի վատ գույներով։

— Բայց եթե ես գրեմ, որ ձեռս և ոտս ջարդվել են գնդակից, Իրինան կկարծե, որ ինձ պիտի անդամահատության ենթարկեն։ Գիտեք, այդ ես սպասում եմ։

— Թող կարծե, փույթ չէ։

— Ուրեմն, ոչի՞նչ, եթե նա ինձ պատկերացնե անդամալույծ, այլանդակված։

— Թող պատկերացնե։

— Բայց պատկերը կսարսափեցնե, կզզվեցնե անգամ նրան։

— Կսարսափեցնի, բայց չի զզվեցնի, եթե սիրում է ձեզ։

— Ուրեմն, եթե ձեր նշանածը մի օր ձեզ ներկայանա, տերը մի արասցե, ձեռը կամ ոտը կտրած...

— Պարոն սպա, ռուս աղջիկը գիտե սիրել, և մենք խեղճ հայուհիներս չենք, որ այդ մասին պիտի դասեր տանք նրան։ Բայց ահա ինչ. մենք՝ հայուհիներս սիրում ենք շատ մեծ դժվարությամբ, իսկ երբ սիրում ենք, մոռանալը մեզ համար ավելի դժվար է, քան մինչև գերեզման տանջվելը մեր սիրեցյալի համար։

— Գրեցեք, ինչպես կամենաք, ես կպատմեմ բոլորը։

Եվ Լեոնիդը նկարագրեց այն ճակատամարտերը, որոնց մասնակցել էր, այն վերքերը, որ ստացել էր, և այն սոսկալի հետևանքը, որ կարող էին ունենալ այդ վերքերը։

Երբ բոլորը վերջացավ, նա ասաց.

— Բայց մենք մոռացանք մի բան։

— Ի՞նչ,— հարցրեց հայուհին։

— Ավելացնել, որ ներկա նամակը իմ խոնարհ խնդրով բարեհաճեց գրել մի հայուհի, մի բարեսիրտ, բարեկիրթ, սևաչյա կովկասուհի ... որ նա...

— Ներեցեք, պարոն սպա,— ընդհատեց օրիորդը գրիչը