Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ միայն ինձ վրա գործած տպավորությունը։ Կիսամերկ բևեռվել էի սենյակիս մեջտեղում և լսում էի բուռն զգացմունքների վիժումը։ Վիշտ և բերկրություն, փոթորիկ ու մեղմ թախիծը խառնվել էին «Մադրիդի շրջմոլիկի» մեջ. գոնե այսպես էր թվում ինձ։ Գուցե դա մի կրակոտ, ասպետական ժողովրդի սրտի հրաբուխն էր, փոքր-ինչ կանոնավորված ինձ անհայտ մի հանճարի ստեղծագործ ուժով, բայց հետաքրքրականն ինձ համար նվագողն էր։ Կարծես նյութեղեն պատանին չքացել էր, մնացել էր միայն նրա ստվերը։ Նա չէր նկատում իմ ներկայությունը, քաղցր հնչյունների հեղեղով կլանված նյարդերը չէին զգում աշխարհի նյութականը։ Կարծես հոգին ամբողջովին ձուլվել էր նվագած եղանակի հետ ու սլացել հեռու մի աշխարհ՝ ընտիր հոգիների կախարդական աշխարհը։

Երբ ավարտեց, մի քանի վայրկյան լուռ էր, անշարժ, աչքերը տակավին հառած արեգակի շողերին, որոնք հետզհետե գունատվում էին։

Ես չկարողացա ինձ զսպել, ոգևորված գոչեցի.

— Կեցցե'ս, Լևոն, կեցցե՛ս...

Բայց նա չլսեց: Անշարժ էր. նուրբ շրթունքները, որոնք միշտ սեղմված էին, դողում էին նկատելի։ Հանկարծ նրա ձեռները թուլացան, գլուխը մի փոքր թեքվեց ուսին, մանդոլինան հանդարտիկ սահեց կրծքից և ընկավ նիհարիկ ծնկների վրա: Եվ նրա դեպի շողերը հառված աչքերի մեջ նշմարեցի արցունք:

— Մանուկ, ինչո՞ւ ես լալիս,— գոչեցի կարեկցությամբ:

Նա ոտքի կանգնեց և, ճակատից հեռացնելով թանձր մազերը, տարօրինակ ձայնով արտասանեց.

— Վիոլոնչելիստն ինձ ասաց՝ Մադրիդի շրջմոլիկը դժբախտ է եղել։ Ցուրտ գիշերները երգել է գրանդի աղջկա լուսամուտի տակ և լաց եղել... Նրա հայրը աղքատությունից մի օր կախվել է ծառի վրա, խեղդվել։

Այդ ժամանակ ես չհասկացա նրա խոսքերի խորքերում թաքնված բուն վիշտը և կարծեցի զառանցում էր։ Արդարև, զառանցում էր նա, բայց ինչո՞ւ և ի՞նչ...